88-ի երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն աղետի հետեւանքները դեռեւս վերացված չեն: Մինչ օրս Լոռու մարզում կառուցվել է 640 բնակելի տուն, որոնք հատկացվել են անօթեւան մնացած ընտանիքներին: Սակայն դեռեւս 505 ընտանիք սպասում է բնակարան ստանալու իր հերթին:
2009թ. քաղաքաշինության նախարարի հրամանով Լոռու մարզում բնակարանային շինարարության շահառու ճանաչվեց 1045 ընտանիք, որոնց բնակապահովման հարցը պետք է լուծվեր մինչեւ 2013թ. ավարտը, սակայն մինչ օրս շահառու ճանաչված 505 ընտանիք չի ստացել բնակարան ու չի էլ ստանա սահմանված ժամկետում: Նշված ընտանիքների տները պետք է կառուցեր «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ն, սակայն անհայտ պատճառներով 2013թ. մարզում պարզապես դադարեց շինարարությունը: Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը «Մարզպետարանի ժամ» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է, որ կառուցապատողը 2012թ. տարեվերջից մինչ օրս որեւէ շինարարական աշխատանք չի իրականացրել մարզի գյուղական ու քաղաքային համայնքներում:
Նույն աղբյուրի գրավոր հարցմանն ի պատասխան՝ «Գլենդել հիլզ»-ը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու են շինաշխատանքները դադարեցվել, գրավոր պատասխանել է հերքմամբ, թե բնակարանաշինության դադար աղետի գոտում չի եղել, պարզապես տեմպերն են դանդաղել: Մարզպետի խորհրդականի խոսքով` շինարարական այն տեմպերը, որ կային, օրինակ, 2009թ., պարզապես անհամեմատելի են այսօրվանի հետ: Կառուցապատողը 6 ամսվա ընթացքում կարողացել է 303 բնակելի տուն կառուցել: Հիմա ի՞նչն է խնդիրը: Այս հարցին ընկերությունը գրավոր պատասխանել է, թե ներկայի համեմատաբար դանդաղ տեմպը պայմանավորված է շահառու ճանաչված ընտանիքների թվի վերջնական ճշգրտմամբ, քանի որ բնակարանները կառուցվում են անօթեւանների վերջին խմբի համար:
Անհասկանալի է, թե ինչ ճշգրտման մասին է խոսքը, եթե վաղուց հստակ է կառուցապատողի անելիքը: Մասնավորապես «Գլենդել հիլզ»-ը մարզի Սպիտակ քաղաքում պետք է կառուցեր 49, Վանաձոր քաղաքում՝ 16, իսկ գյուղական համայնքներում՝ 440 տուն, ինչի արդյունքում Լոռու մարզում վերանալու էր «աղետի գոտի» հասկացությունը: Ընկերությունը, սակայն, իր գրավոր պատասխանի մեջ այդպես էլ չի նշել հստակ ժամանակահատված՝ պատճառաբանելով, թե բնակարանաշինության ծրագրի ավարտի ստույգ ժամկետ հնարավոր կլինի նշել ձմռան ավարտին: Նշանակում է՝ ընկերությունը ոչ միայն չի կատարել 2013թ. բնակարանները հանձնելու իր պարտավորությունները, այլեւ չի նշում դրանց ավարտի հետ կապված հստակ ժամկետներ: Հետաքրքիր է, թե ինչպես է այդ ամենին վերաբերում Սերժ Սարգսյանը, որը հրապարակավ խոստացել էր մինչեւ այս տարվա վերջ լուծել աղետի գոտու անօթեւանների խնդիրը:
ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի