Ո՞Վ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ԴԱՎԱՃԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ հրապարակավ կասկածի տակ դրված վարկանիշի մասին կարծիքները: Ինչպես հայտնի է, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության անդամները դատական հայց են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ պահանջելով 7 մլն դրամի փոխհատուցում իրենց վիճահարույց բարի համբավն արատավորելու համար:

Իսկ ի՞նչ համբավ ունեն ՕԵԿ-ն ու կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Չէ՞ որ «Օրինաց երկիր» կուսակցության «բարի համբավի» մասին վաղուց եւ շատ անգամներ առավել սուր շեշտադրումներով խոսել են շատ պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք ներկայացուցիչներ: ՀՀ քաղաքացիների հիշողության մեջ դեռ թարմ են «Օրինաց երկիր» կուսակցության շրջապտույտներն ընդդիմադիր դաշտից դեպի իշխանական կերակրատաշտ եւ հակառակը: Եվ այսօր խոսել այդ կուսակցության արժանապատվության, բարի համբավի մասին, մեղմ ասած, ծիծաղելի է:
Հիշո՞ւմ եք, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, ընդդիմադիրի քողով փորձում էր ՀՀ քաղաքացիների քվեն մուրալ: Նա ամենաընդդիմադիր ելույթներն էր ունենում: 2007-ին Արթուր Բաղդասարյանը հանդիպել էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ՝ նրան խնդրելով բացասական գնահատական տալ ԱԺ ընտրություններին: Ասել է թե՝ ՀՀ քաղաքացին, կուսակցության ղեկավարն ու քաղաքական գործիչը «դրսից տղա» էր բերում մեր երկրի վրա՝ այլ երկրի դիվանագետներին փորձելով ներգրավել ՀՀ քաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումների մեջ: Այդ հանդիպման խոսակցության խայտառակ բովանդակությամբ սղագրությունը հրապարակվեց ռուսալեզու «Գոլոս Արմենիի» թերթում (առաջիկա օրերին «Ժողովուրդ» օրաթերթը կվերահրապարակի այդ խոսակցության սղագրությունը):
2007-ի ապրիլի 27-ին ՀՀ (այժմ արդեն նախկին) նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ԱԺ խոսնակի պաշտոնից հրաժարական տված Արթուր Բաղդասարյանի մասին, ահա թե ինչ ասաց. «Դժվար է պատկերացնել, որ խորհրդարանի նախկին նախագահը կարող էր այդքան ցածր իջնել։ Ես իրավաբան չեմ եւ չեմ ուզում իրավաբանական տերմիններ օգտագործել, բայց ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է։ Ավելին՝ դավաճանության այլանդակ դրսեւորում՝ այնքանով, որքանով ՕԵԿ-ի նախագահին ոչ թե բռնել են, խոշտանգել եւ ստիպել, այլ ինքը, իր սեփական նախաձեռնությամբ, ընտրություններից դեռ 3 ամիս առաջ օտարերկրյա դիվանագետին համոզում էր ամեն ինչ անել, որ ընտրությունները վատ գնահատական ստանան։ …Մեկ անգամ դավաճանողն ընդունակ է դա անել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»։
Ինչպես հայտնի է, Հայաստանն իր նորանկախ պատմության մեջ ունեցել է ընդամենը 3 նախագահ: Եվ այդ երեքից առնվազն երկուսն Արթուր Բաղդասարյանին մեղադրել են ամենահրեշավոր արարքների մեջ. առաջինն ասաց, որ նա վաճառեց ինքն իրեն՝ դառնալով ԱԽՔ, մյուսը հրապարակավ անվանեց դավաճան: Այսքանից հետո ի՞նչ բարի համբավի մասին է խոսում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Նրանց համբավը վաղուց ու բավականին հիմնավոր է արատավորվել, ինչն իր դրսեւորումն է գտել քաղաքական տարբեր իրադարձությունների ժամանակ: Թերեւս միայն ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն է, որ հավատարիմ է մնացել իր կուսակցությանն ու կուսակցության ղեկավարին՝ անդավաճան նվիրվածությամբ շարունակելով գնալ օրինաց երկիր կառուցելու ճանապարհով:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս