Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել է փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնօրենը զայրացած հայտարարեց, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից, քանի որ չի կարողանում այս պայմաններում աշխատել:
Նշենք, որ արդեն տասը տարի գործող «Ալիշան»-ի հիմնադիր տնօրեն Սերժիկ Մոսեսյանը 1998-1999թթ. Իրանից վերադարձել է Հայաստան եւ հիմնել գործարանը: Այն այս պահին 50-60 աշխատող ունի, իսկ ամռան ամիսներին աշխատողների թիվը հասնում է 150-ի:
«Մեր ապրանքն էլ միշտ առաջին տեղն է գրավել, արտերկիր է ուղարկվել: Հիմա ճգնաժամը մի կողմից է ճնշում, այս խնդիրները՝ մյուս կողմից: 99-ականներին, երբ բոլորը Հայաստանից փախչում էին, ես հետ եկա. բոլորը զարմացած ասում էին, թե խենթացել ես, որ եկել ես: Բայց ես եկա, գործարան հիմնեցի, աշխատատեղեր ստեղծեցի»,-նշեց Մոսեսյանը: Մեր զրուցակցի ներկայացմամբ` «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից «Ալիշան»-ում իրականացվել են տեխնիկական անվտանգության նորմերին հակասող որոշ գործողություններ, որոնք ընկերությունում առաջացրել են պայթյունավտանգ իրավիճակ եւ հանգեցրել գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկի:
Գործարարը «Հայռուսգազարդ»-ից պահանջում է լուծում տալ այս հարցին. «Ես բողոքելու եմ: Այս կերպ են անում, որ թողնենք ամեն ինչ ու գնանք երկրից: Սպասում եմ «Հայռուսգազարդ»-ի արձագանքին: Հակառակ դեպքում դիմելու եմ դատարան, հետո կողպելու եմ գործարանն ու թողնեմ գնամ: Այս ճգնաժամի մեջ գազի վարձը կրկնակի են հաշվել: Կարելի չէ այսպես շարունակել: Եթե այս գործարանն էլ փակվի, բազմաթիվ հայեր կմնան անգործ: Ես էլ թողնելու եմ ու մյուսների նման հեռանամ երկրից: Մի՞թե սա կապ չունի երկրի անվտանգության հետ: Դատարան եմ մտնելու, բայց Աստծուն է հայտնի՝ կհաջողվի հաղթել, թե ոչ: Մենակ ուժս չի պատի»:
Մեր զրուցակիցը նշեց, որ երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի էլ պատրաստվում: «Մեկը հոսանքի պատճառով է հեռանում երկրից, մյուսը՝ գազի, էն մյուսը՝ հարկայինի: Կարելի չէ այստեղ նորմալ բիզնես անել: Մեկն էլ ես եմ: Չեմ կարողանում շարունակել, մի օր գազն է, մյուս օրն էլ՝ մեկ այլ բան, հազար հատ խնդիր կա: Անցյալ ամիս 3 մլն 600 հազար դրամ գազի վարձ է եկել, եւ ես, փոխարենը վճարեմ, թղթի վրա գրել եմ, թե խնդրում եմ՝ վերանայեք, հետո կտանեմ, կվճարեմ: Բայց եկել են ու գազս են անջատել: Պաշտպանված չենք: Թող արձագանքեն, որ մարդիկ իմանան` այս երկրում դեռ ամեն ինչ կորած չէ»,-վրդովվեց գործարանի տնօրենը:
Իրանահայ գործարարը երանությամբ հիշեց, որ Իրանում գործարարի համար հրաշալի պայմաններ կան ստեղծված. «Հազար անգամ լավ էր այնտեղ, սխալ եմ գործել, որ եկել եմ: Հայրենասիրությունն էր պատճառը: Իսկ հիմա հոգնել եմ ես, սա վերջին պայքարս է: Ինչպես են բազմաթիվ գործարարներ հեռանում, իրենց նման ես էլ կգնամ: Եթե սխալ եմ, թող ինձ պատժեն, պատրաստ եմ լուռ տանել պատիժս: Եկել եմ Հայաստան, բայց, ցավոք, 12-13 տարի է, ինչ ջրին հակառակ եմ լողում: Հոգնել եմ արդեն: Գրե՛ք խնդրում եմ, որ ցավ եմ ապրում նման բաներից: Գոնե այս հարցին լուծում տրվի, որ մարդիկ տեսնեն՝ իշխանությունները կան, երկրի առաջին դեմքը հետաքրքրվում է մեզանով: Թող մարդկանց մեջ հավատքը վերականգնվի: Ափսոս չէ՞ երկիրը մեր ձեռքից գնա: Հիմա տեսնում եմ, որ ոչ ոք ոչ ոքից չի վախենում, էնքան են հաբրգել, որ ոչ ոք ոչ ոքի բան չի անում»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ, որը հետեւյալ պարզաբանումը տվեց. «Շատ հարցեր մեզ համար մասնագիտական տեսանկյունից անհասկանալի են: Հարցը մասնագիտական ուսումնասիրության կարիք ունի, եւ «Հայռուսգազարդ»-ը պատրաստ է աշխատանքային խումբ ձեւավորել եւ տեղում ուսումնասիրություններ իրականացնել, ինչպես նաեւ հրավիրել «Ալիշան»-ի ներկայացուցիչներին մասնագիտական բաց քննարկում անցկացնելու համար: Իհարկե, իրենք մի քանի օր առաջ դիմել են ընկերության Արարատի մասնաճյուղ եւ այնտեղից մասնագիտական պարզաբանումներ են ստացել, բայց հավանաբար իրենց դա բավարար չի եղել: Այս դեպքում իրենք կարող էին դիմել նաեւ «Հայռուսգազարդ»` հարցին լրացուցիչ ընթացք տալու համար, ինչը չի արվել»:
Անկախ մասնագիտական հանձնաժողովի կայացրած եզրակացությունից՝ նկատենք, որ հայրենի իշխանությունները միայն խոսում են երկրում մանր եւ միջին բիզնեսին աջակցելու մասին, մինչդեռ գործնականում տեսանելի քայլեր չեն արվում: Բոլորովին վերջերս էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ` հայտարարելով. «Մեր հանդիպման նպատակն է առարկայորեն քննարկել, թե ինչպես կառավարությունը կարող է օժանդակել ձեզ, որպեսզի 2013թ. ձեր արտադրական հզորությունները մեծանան, արտադրության ֆիզիկական ծավալներն ավելանան, եւ պարզենք, թե ինչպես կարող ենք խթանել արտահանման ծավալի աճը: Պետությունը պատրաստ է իր ամբողջ գործիքակազմը ծառայեցնել այդ նպատակին»:
Ներկայացված դեպքը, սակայն, ի ցույց է դնում այդ գործիքակազմի` առնվազն ոչ նպատակային օգտագործումը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ