ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում թատերական կյանքը վերջին շրջանում բավականին աշխուժացել է։
-Առաջ շատ վատ էր, հանդիսատես չկար, հիմա շատ բան փոխվել է։ Դրան նպաստեց մեր «Դուետ» փառատոնը, որի ընթացքում 18 ներկայացում բեմադրվեց, տասը օր անընդհատ թե՛ թատրոնի, թե՛ ակադեմիայի փոքրիկ դահլիճը լեփ-լեցուն էին։ Եվ դա, կարելի է ասել, արթնացրեց ժողովրդին, նորից կապեց թատրոնին, հետաքրքրություն առաջացրեց։ Երբ դրանից հետո կայացավ Լյուդվիգ Հարությունյանի «Միջադեպ» ֆիլմի հիման վրա մեր «Առնետներ» ներկայացման պրեմիերան, կարծում էինք, որ այդ տասը օրվա ընթացքում այնքան են եկել, որ այլեւս չեն գա, բայց սխալվեցինք. դահլիճը նորից լեփ-լեցուն էր։ Բացի այդ` Գյումրին մի առավելություն ունի. այնտեղ սերիալներ չեն նկարվում, եւ դերասանները շատ ավելի են կապված թատրոնին։
-Իսկ Գյումրու մշակութային կյանքն ակտիվացա՞վ, երբ այն հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
-Իհարկե, հենց «Դուետ» փառատոնն էլ դրա շրջանակներում էր։ Բացի այդ` թատրոնի շենքն ամենամեծ մշակութային օջախն է, եւ այնտեղ շատ միջոցառումներ են անցկացվում։ Դրանք հիմնականում, իհարկե, վատն են, բայց հանկարծ մեկ-մեկ լավն էլ է պատահում։ Թատրոնի աշխատանքներին խանգարում է ներքաղաքային տրանսպորտի տխուր վիճակը, երբ, օրինակ, 58-րդ թաղամասում ապրողները մեծ դժվարությամբ են տուն հասնում։ Ներկայացումը սկսվում է երեկոյան` ժամը 6-ին, վերջանում 8-ին, տրանսպորտն էլ մինչեւ ինն է աշխատում, եւ չենք կարողանում փորձերին երկար ժամանակ հատկացնել։ Իսկ ընդհանրապես Գյումրիում արվեստը, արհեստը շատ ավելի են գնահատվում, քան այլ քաղաքներում։ Վերջերս Շիրվանզադեի «Չար ոգին» ներկայացմամբ հյուրախաղերով եղանք Գորիսում, Եղեգնաձորում եւ Արցախում, ուր մեզ շատ լավ ընդունեցին։
-Ներքաղաքային տրանսպորտի խնդիր կա, իսկ եթե մշակույթի նախարարությունը տեղափոխեն Գյումրի, գնալ-գալու խնդիր չի՞ առաջանա։
-Դա կարելի է դիտարկել երկու տեսանկյունից։ Իհարկե, տեղափոխելը ճիշտ կլինի, որովհետեւ Հայաստանը հիմա դարձել է շերեփուկ. մեծ գլխով Երեւան, փոքրիկ պոչով՝ բոլոր մնացած մարզեր։ Եթե ամբողջ Հայաստանն այսօր արդեն ընդամենը մեկ միլիոն 800 հազար բնակչություն ունի, մի քիչ ծիծաղելի է, որ 800 հազարը Երեւանում է։ Ի դեպ, առաջ էլ այդպես էր. երեքուկես միլիոնից մեկ միլիոնը Երեւանում էր։ Կարծում եմ, որ, օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը կարելի է տեղափոխել Վանաձոր. այստեղ նստում են, ի՞նչ անեն։ Իսկ ինչ վերաբերում է մշակույթի նախարարությանը, ապա գիտեմ, որ Հասմիկ Պողոսյանը դրան դեմ է, եւ հասկանալի է՝ ինչու. տնից-տեղից կտրվում է։ Սակայն ես, օրինակ, տնից-տեղից կտրվել եմ, մնացել եմ այնտեղ, եւ շատ նորմալ էլ աշխատում ենք։ Բայց այնպես չէ, որ ամբողջ նախարարությունը տեղափոխվի։ Օրինակ` հուշարձանների պահպանությամբ զբաղվողները մայրաքաղաքում ի՞նչ են անում, թող գնան այնտեղ, որտեղ կան հուշարձաններ, մոտիկից ծանոթանան դրանց։ Իսկ ո՞վ ասաց, որ գնալու են Գյումրի ու այնտեղ նստեն, սպասեն։ Ես Գյումրիում եմ, բայց գալիս եմ, մի երեք օր Երեւանում եմ, չորս օր՝ Գյումրիում…
-Թատրոնը հայ դրամատուրգիայի, դրամատուրգների պակաս ունի՞։
-Իհարկե, դրա պակասը կա. դասական մի երեք հեղինակ ունենք, այն էլ… Ես համարում եմ, որ իսկական թատրոն զգացողը Պարոնյանն է, մնացածը… Այսօր էլ կան դրամատուրգներ, չեն կարող չլինել, բայց պետք է մի քիչ շատ լինեն։ Գուրգեն Խանջյանին շատ եմ սիրում, վերջերս էլ կարդացի նրա «Արտավազդ» պիեսը եւ շատ հավանեցի. հետաքրքիր է մտածում, ամեն ինչ փայլուն է արել։ Բայց զգում եմ, որ չեմ կարող բեմադրել. հայ ժողովուրդն ասելու է՝ բա մեր հերոս Արտավազդն այսպիսի՞ն է եղել, այս ի՞նչ է արել…
-Վերջերս մեծ աղմուկ հանեց ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին Ձեր կողմից տրված «սատանա» որակումը: Ինչո՞վ էր պայմանավորված նման սուր քննադատությունը։
-Հա՛, շատ խիստ եմ ասել, մեղա եմ գալիս։ Բայց տեսնելով, թե ինչեր են անում, ինչ է կատարվում… Ժողովուրդը Ստալինին ինչո՞ւ էր պաշտում։ Որովհետեւ միշտ մի կիտելով, իր «Պեժո» մեքենայով էր, ապրում էր հենց Կրեմլում. ասկետիզմ կար մոտը։ Բայց երբ տեսնում են, որ ոմանք բենթլիներ են քշում, պալատներ կառուցում, կղզիներ առնում, օֆշորների մեջ մտնում, իրենց բարեկամներին խցկում… Նայում եմ հին եկեղեցիներին, քեֆս գալիս է, իսկ այս նոր եկեղեցիներն այնպես են զարդարել, կարծես եկեղեցի չեն, այլ… տորթ։ Էս գեղական չտեսությունը մեզ մոտ շատ-շատ է…
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ