«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ռուսաստան կատարած այցի արդյունքներով որեւէ հստակություն չի մտցվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրման ժամկետների հարցում։
Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը մինչ ՌԴ մեկնելը հուլիսի 9-ին Շիրակի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր. «Քննարկելու ենք ստորագրման վերաբերյալ հարցերը, փորձելու ենք հասկանալ՝ ժամկետները, երբ է լինելու: Ոչ մի պատճառ չկա, ոչ մի ձգձգում չկա, հանդիպեմ ՌԴ վարչապետի հետ, վերադառնամ, անպայման կմանրամասնենք ամեն բան, բայց մենք անդամակցելու ենք եւ մեր բոլոր պայմանավորվածություններն ավարտելու ենք»,- հայտարարել էր վարչապետը:
Այս խոսքերից հետո սպասվում է, որ համենայնդեպս այսօր մենք պետք է տեղեկացված լինեինք, թե երբ է վերջիվերջո Սերժ Սարգսյանը ստորագրելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը։ Հանդիպումների արդյունքում տարածված պաշտոնական տեղեկատվությունից, սակայն, անհնար է հասկանալ՝ Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպման ընթացքում «հասկացե՞լ են ժամկետները», թե՞ ոչ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում