ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԻ ԽՄԲԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը,  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ բոլոր ժամանակների ամենաանկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդամագրվել են Հանրապետական կուսակցությանը: Այս փաստը բավական ուշագրավ է` հատկապես  Սերժ Սարգսյանի  «Հավատանք, որ փոխվենք» նախընտրական կարգախոսի համատեքստում:  Երբ 2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարությունը  ձեւավորվեց բացառապես  կուսակցական քվոտաներով, շատերը քննադատեցին այդ մոտեցումը` նշելով, որ այդպիսով կարեւորվում են ոչ թե կառավարության անդամի  կարողությունները, այլ բացառապես նրա կուսակցական պատկանելությունը: Արդյունքում հայոց բազմաչարչար մշակույթը տեսավ այնպիսի  անմոռանալի նախարարներ, ինչպես ՕԵԿ-ական Թամար Պողոսյանն ու Հովիկ Հովեյանն էին: Սակայն այդ տարիներին կուսակցությունների կադրային բանկի սնանկությունից առավել վատ էր դիտվում այն փաստը, որ, օրինակ, նույն Հովիկ Հովեյանին նախարար նշանակելուց առաջ ստիպել էին  դառնալ ՕԵԿ անդամ: Այդ շրջանում բռնի կուսակցականացվողները աշխատում էին այդ փաստը հնարավորինս երկար  գաղտնի պահել, քանի որ քաղաքական մշակույթը դեռ այդչափ այլասերված չէր, եւ այնուամենայնիվ,  ամոթալի էր դիտվում այն, որ որեւէ մեկը պաշտոն ստանալու համար  դառնում էր այս կամ այն կուսակցության անդամ: Նման մոտեցումը որոշ չափով շարունակվում էր մինչեւ 2010թ., երբ, օրինակ, տրանսպորտի եւ կապի  նախարար Մանուկ Վարդանյանն ակնհայտորեն դիսկոմֆորտ էր զգում իր` ՕԵԿ-անալուց, կամ էկոնոմիկայի  նախարար Տիգրան Դավթյանը` ՀՀԿ-անալուց: Սակայն  վերջին տարիներին  այս առումով բեկումնային փոփոխություն տեղի ունեցավ քաղաքական մշակույթ կոչվածում: Այսօր արդեն միանգամայն նորմալ է դիտվում այն, որ կենսագրություն եւ անուն ունեցող գործիչները, որոնց գործունեությունը եղել է հանրության աչքի առջեւ, եւ որոնք իրենց ներկայիս կարգավիճակին հասել են առանց որեւէ կուսակցության անդամակցելու, հանուն պաշտոնի կամ մանդատի մեկ օրում համակվում են ՀՀԿ կամ ԲՀԿ գաղափարներով: ՕԵԿ-ին չենք նշում, քանի որ այդ կուսակցությանն  անդամակցելն այլեւս նախկինի պես խոստումնալից չէ: Ինչ վերաբերում է Հայ հեղափոխական դաշնակցությանը, այն Հայաստանի քաղաքական դաշտի ազդեցիկ  կուսակցություններից միակն է, որն իր շարքերը երբեւէ չի համալրել պատեհապաշտ պաշտոնամոլներով` այդպիսով մնալով իրապես միակ գաղափարական  ուժը:
Ամփոփելով նշենք, որ բռնակուսակցականացման այս մոտեցումն  ամլացնում է ոչ միայն  ՀՀԿ-ականների ձեւակերպմամբ` «գործնապաշտ անհատներին», այլեւ արժեզրկում է հենց  կուսակցությունների, տվյալ դեպքում ՀՀԿ-ի գաղափարական սկզբունքները: Եթե մի կուսակցություն իր շարքերն է ընդունում բացառապես պաշտոնի ակնկալիք ունեցող գործիչների, նշանակում է, այդ կուսակցությունն ինքը չի հավատում իր իսկ գաղափարական սկզբունքներին եւ վերածվում է պատեհապաշտների խմբակի:




Լրահոս