ՊԱՐԶ ԵՐԵՍՈՎ` ՀՀԿ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանին «Ժողովուրդ»-ը հանդիպեց Հանրապետական կուսակցության համագումարի օրը եւ ընդմիջման ժամանակ հասցրեց մի քանի հարցեր ուղղել նրան:
-Պարո՛ն Խաչիկյան, Դուք դեռ Հանրապետականո՞ւմ եք:
-Իհարկե: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ի տարբերություն քաղաքականության մեջ ճամբարներ փոխողների, քաղաքական բոմժերի` ես կմնամ ՀՀԿ-ում երեկ, այսօր եւ վաղը:
-Հայտնի դեպքերից հետո ՀՀԿ-ում Ձեր նկատմամբ մարդկանց վերաբերմունքը չի՞ փոխվել:
-Ի՞նչ դեպքեր:
-Մեղադրանքները` միլիոնավոր յուրացումների:
-Ե՞րբ են եղել:
-Չե՞ք հիշում բացահայտումները:
-Բացի լրագրողներից, այլ մեղադրողներ չեմ տեսել:
-Հիշեցնեմ` Վերահսկիչ պալատը սկզբում բացահայտումներ արեց, հետո` ՀՀ ֆինանսների նախարարությունը, ապա գործը տեղափոխվեց ՀՀ գլխավոր դատախազություն, այնուհետեւ ոստիկանություն:
-Ի՞նչ, Վերահսկիչ պալատը, ֆինանսների նախարարությունը, դատախազությունը տվե՞լ են իմ անունը:
-Տվել են Ձեր ղեկավարած հիմնարկի անունը, որի պատասխանատուն Դուք եք: Կապ չունե՞ք, հրաժարվո՞ւմ եք:
-Քննությունը գնում է, ամեն ինչի պատասխանը կտրվի:
-Փաստորեն, ճիշտ են տեղեկությունները, որ Ձեզ առաջարկել են աշխատել ՀՀԿ-ի համար, գումարներ ծախսել` խոստանալով «փակել» Ձեր դեմ եղած գործերը:
-Անհեթեթություն է, հերյուրանք, ինչպես նաեւ իմ անձի հետ կապված այլ անհեթեթություններն ու հերյուրանքները:
-Պարո՛ն Խաչիկյան, ի՞նչ երեսով եք քարոզելու ՀՀԿ-ի համար:
-Պարզ երեսով:
-Այսինքն` այդքան մահացած թոշակառուների գումարները յուրացնելուց հետո պարզ երեսո՞վ:
-Ինչքա՞ն գումար:
-Դուք չե՞ք հիշում: Մահացած թոշակառուներին հատկացվելիք գումարների շնորհիվ ՀՀ կառավարությունը` ի դեմս սոցապնախարարության, Ձեզանից հետո բարձրացրեց թոշակները: Այսինքն` խոսքն այդքան մեծ գումարի մասին էր:
-Ամեն տարի իմ գործունեության ընթացքում թոշակները բարձրացվել էին ու ավելի շատ:
-Այսինքն` Ձեզ մոտ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունեք, շարունակում եք գոհ ու երջանիկ ապրե՞լ:
-Ամեն ինչ լավ է դրախտում, եւ ամեն ինչ լավ է հորիզոնական դիրք ընդունած վիճակում, երբ վերեւից ու ներքեւից մոմեր են դրված ու ծաղկեպսակներ:
-Լավ, ՀՀԿ-ի հետ երբեւէ խնդիրներ չե՞ք ունեցել Ձեր պաշտոնավարման տարիներին գրանցված հանցագործություններից հետո:
-Ո՛չ նախկինում, ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում, չի եղել:
-Ձեզ չե՞ն նախատել, որ կուսակցության պատիվը գետնով տվեցիք ու պետբյուջեի գումարները յուրացրիք:
-Ինչքա՞ն չարաշահում:
-Միլիոնների հասնող:
-Բայց ո՞վ է մեղադրել, է՞: Միայն լրագրողները:
-Եթե մյուս գերատեսչությունների բացահայտումները չեք համարում մեղադրանք, ընդունեք լրագրողների մեղադրանքները:
-Դե լրագրողների հետ ես լավ հարաբերություններ ունեմ եւ նրանց ասածներին փիլիսոփայորեն եմ վերաբերվում:
-Այսինքն` Ձեր կերպարը ՀՀԿ-ի համար ընդունելի է:
-ՀՀԿ-ի համար ընդունելի կերպարները մեր ցուցակի անդամներն են:
-Դուք կա՞ք համամասնական ընտրացուցակում:
-Ցուցակ դեռ չկա:
-Ցուցակը կա, գոնե սեւագրությա՞նն էլ ծանոթ չեք:
-Ես ուրիշների սեւագրությունները չեմ կարդում:
-Ո՞վ է Ձեզ հրավիրել ՀՀԿ համագումարին:
-Ես ՀՀԿ խորհրդի անդամ եմ, ընտրվել եմ ՀՀԿ Թումանյանի տարածքային կառույցի կողմից:
-Ո՞վ է ՀՀԿ Լոռու տարածքային կառույցի պատասխանատուն, նա՞ է հրավիրել:
-Մարզպետն է` Արթուր Նալբանդյանը:
-Ձեր սիրելի Սերոբ Տեր-Պողոսյանի տիկինը` Մադլեն Թաշճյանը, պնդում է, որ Դուք եք անախորժություններ հրահրում իր հանքում:
-Կներեք` մենք սարքում ենք, որ նրանք քիչ աշխատավարձ տան, որ ոչ մի կանոն չպահպանվի: Էդքանը սարքել կլինի՞: Սարքում ենք, որ 100 բանվոր ստորագրի՞: Դա մեր ինչի՞ն է պետք:
-Խնդիր չունե՞ք իր հետ:
-Նրանք մեր համայնքը արատավորող եւ վարկաբեկող մարդիկ են, եւ ժամանակին ես մեծ պայքար եմ տարել, որ էդ ամեն ինչը բացահայտվի:
-Կուսակցության ղեկավարությանը ներկայացրե՞լ եք Ձեր մարզում առկա իրավիճակի, վարկաբեկողների մասին:
-Դե օրենքով սահմանված կարգով իրենք իմանում են ու իրենց եզրակացությունն անում են: Եւ Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ կայացված դատավճիռը պատասխան է Ձեր տված բոլոր հարցերի համար:
-Ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղվում:
-Ես հիմա բուժվում եմ:
-Բայց արտաքուստ բավականին լավ տեսք ունեք:
-Երկու հոգի պիտի թեւերս ընկած տանեի՞ն:
-Հիվանդի տեսք չունեք: Ի՞նչ հիվանդությամբ եք տառապում:
-Ամենատարբեր` սրտային անբավարարություն, ճնշման տատանումներ եւ այլն:
-Բա այդ վիճակով ո՞նց եք աշխատելու:
-Ես ՀՀԿ-ի համար միշտ էլ աշխատել եմ: Ինչո՞ւ պիտի հետո չաշխատեմ:
-Ինչպե՞ս:
-Իմ համախոհների ու բարեկամների միջոցով:
-Դուք համախոհնե՞ր էլ ունեք այդքանից հետո:
-Ինչի՞ց հետո:
-Այսքան յուրացումներից:
-Ես ունեմ շատ ընկերներ, բարեկամներ եւ ի զարմանս ձեզ, նաեւ համախոհներ: Եւ նրանց թիվը հազարներով է:
-Շնորհակալություն:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ




Լրահոս