Ինչպես արդեն հայտնել էինք` հուլիսի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:
Նշենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ «Ամերիկայի հայկական ֆորումը» համացանցում ստորագրահավաք էր սկսել` ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանի նշանակման դեմ: Ստորագրահավաքին միացել էին մեծ թվով անձինք, այդ թվում անհատներ և հասարակական կազմակերպություններ:
Այս պահին ստորագրահավաքը դեռևս ընթանում է և հավաքվել է 2703 ստորագրություն: Սակայն ստացվում է, որ ինչպես բոլոր դեպքերում` այստեղ նույնպես հանրության ձայնը հաշվի չեն սռնում և չնայած ֆորումի անդամները և ԱՄՆ-ում հայերը դեմ են Տիգրան Սարգսյանի դեսպան լինելուն, սակայն դա չազդեց, որպեսզի նա այսօր իր հավատարմագրերը հանձնի ԱՄՆ նախագահին:
Հիշեցնենք, որ «Ամերիկայի հայկական ֆորում»-ի հայտարարության մեջ գրված էր. «Մենք ԱՄՆ-ի պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:
Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»: