ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 2008թ. մարտի 1-ից հետո առաջին անգամն էր հանդիպում լրագրողների հետ: Ու նրան խնդրեցինք անդրադառնալ այդ իրադարձություններին: «Բնականաբար, բացասական եմ գնահատում կատարվածը: Բայց մյուս կողմից էլ երեւի թե այդ փորձությունների միջով անցնելն ավելի նպաստեց իմ փորձառությանը, ինձ ավելի թրծված դարձրեց, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ իմ հետագա գործունեության ընթացքում: Այդ իրադարձությունները թերեւս նպաստեցին նաեւ, որ փոխվի հասարակությունը եւ շատ հարցերի նայի այլ տեսանկյունից, նորովի եւ պայքարի իր իրավունքների համար»,-ասաց նա:
Ինչպես հայտնի է, Սուքիասյանը կրկին առաջադրվել է Երեւանի թիվ 10 ընտրատարածքում: Այստեղ ՀՀԿ-ն սատարելու է գործարար Գարեգին Նուշիկյանին, որը նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խնամին է: Լրագրողի հարցին՝ չի վախենում, որ դատախազը գործի դնի իր լծակները, Սուքիասյանն ասաց. «Ինձ միայն մի հարց է մտահոգում, որ գլխավոր դատախազն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու: Նա «Նիգ-Ապարան»-ով էլ իրավունք չունի զբաղվելու: Նա պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը»: Ինչ վերաբերում է հնարավոր ընտրակեղծիքներին, Սուքիասյանն ասաց. «Երեւանի կենտրոնում չի լինի այն, ինչ եղավ Հրազդանում: Ընդհանրապես բացառում եմ, որ նման գործողություններ լինեն, իսկ եթե լինեն, կկանխենք»:
Անդրադառնալով մարտիմեկյան իրադարձություններից հետո իր պատգամավորական մանդատից հրաժարվելուն, Սուքիասյանը նշեց, թե ժամանակին իր արած քայլը ճիշտ էր: Ըստ նրա՝ այդ ժամանակ անիմաստ էր ԱԺ-ում աշխատանքը շարունակելը: «Մթնոլորտը, որը ստեղծվել էր, այդտեղ հնարավոր չէր լինի նախատեսված ծրագրեր առաջ տանել, ու ընդհանրապես հնարավոր չէր լինի աշխատել»,-շեշտեց նա: Սակայն հիմա, Սուքիասյանի կարծիքով, մթնոլորտ է փոփոխվել, ինչն էլ պատճառ է դարձել, որ ինքն առաջադրվի: «Ասելով մթնոլորտի փոփոխություն` նկատի ունեմ այն, որ այսօր կա Հայ ազգային կոնգրեսը, որը կարող է մտնել խորհրդարան եւ դառնալ իշխանությանը լուրջ հակակշիռ»,-ասաց նա՝ հավելելով, որ անձամբ ինքը խորհրդարանում որպես իրեն թիմակից առաջին հերթին տեսնում է Հայ ազգային կոնգրեսին, իսկ հետո նաեւ բոլոր մյուս պատգամավորներին: «Ես աշխատելու եմ բոլոր պատգամավորների հետ, փորձելու եմ իմ ծրագրերը փոխանցել բոլորին, ներկայացնել եւ այդպիսով փորձելու եմ գտնել հնարավորինս շատ համախոհներ այդ ծրագրերն իրականացնելու համար»,-ընդգծեց նա:
Խաչատուր Սուքիասյանի կարծիքով` առաջիկա ընտրություններում ԱԺ-ում կհայտնվեն «հայտնի ուժերը»: «Առաջին հերթին դա Հայ ազգային կոնգրեսն է, ԲՀԿ-ն է, հնարավոր է` Դաշնակցությունը: Ներսի ուժերը կարող են որոշակի փոփոխության ենթարկվել, ինչ-որ մեկը չհայտնվի, «Ժառանգություն»-ը հայտնվի կամ ոչ: Կարծում եմ` պետական ռեսուրսները եւ համակարգն այնպիսին է, որ Հանրապետականը կարող է ֆավորիտին մոտ լինել, կարող է եւ լինել ֆավորիտ»,-ասաց նա:
ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ