ՀԱԿԱԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպա, թե ԵՏՄ դիլեմայի շուրջ այս տեւական քննարկումներում այդպես էլ, ըստ էության, լիարժեք կերպով չվերլուծվեց եւ չներկայացվեց, թե ինչի հիման վրա է կառուցված իշխանական քարոզչության առաջ քաշած թեզը, թե Ռուսաստանը մեր անփոխարինելի դաշնակիցն է, իսկ Արեւմուտքը` ի դեմս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի` մեր ոչ հեռանկարային գործընկերը: Եթե փորձենք վերանալ ֆորմալ իրողություններից եւ քննել իրական գործընթացները, ապա կտեսնենք, որ ներկայիս քաղաքական իրականությունը զգալիորեն տարբերվում է դաշնակցային հարաբերությունների մասին թմբկահարվող շտամպային հայտարարություններից:
Չնայած այն հանգամանքին, որ մենք ռուսների հետ ունենք փոխգործակցության պայմանագիր, որով նրանք պարտավորվում են ապահովել մեր երկրի սահմանների պաշտպանությունը, ՌԴ իշխանությունները շարունակում են ինտենսիվորեն զինել մեր թշնամի երկրին` այդպիսով անուղղակիորեն նպաստելով պատերազմական գործողությունների վերսկսմանը: Մինչդեռ, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ միայն Ադրբեջանին զենք չեն վաճառում, այլեւ ամեն տարի դրամական ուղղակի աջակցություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին:
Մեզ համար հաջորդ կարեւորագույն հարցի` Ցեղասպանության ճանաչման հետ կապված, Եվրոպական բազմաթիվ երկրներ ոչ միայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը, այլեւ մի քանիսն անգամ վավերացրել են դրա ժխտումը քրեականացնող օրենքը: Իսկ այն երկրներում, որտեղ Ցեղասպանությունը ճանաչված չէ, կամ դրա ժխտումը քրեականացնող օրենքը դեռ ընդունված չէ, այդ հարցը պարբերաբար հայտնվում է քաղաքական օրակարգում, եւ որ ամենակարեւորն է` Արեւմուտքը մշտապես Ցեղասպանության ճանաչման հարցն առաջ է քաշում Թուրքիայի հետ իր հարաբերություններում:
Մինչդեռ դաշնակից Ռուսաստանն ու նրա եվրատնտեսական արբանյակները` Ղազախստանն ու Բելառուսը, ոչ միայն հեռու են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի մասին մտածելուց անգամ, այլեւ այդ հարցով Թուրքիայի վրա թեկուզ սիմվոլիկ ճնշում բանեցնելուց:
Նույն պատկերն է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, երբ թեկուզ ոչ արդյունավետ, սակայն, այդուհանդերձ, որոշակի ճնշումներ եթե բանեցվում էլ են Թուրքիայի վարչակազմի վրա, ապա բացառապես Արեւմուտքի կողմից: Մինչդեռ դրան ի հակառակ` Ռուսաստանը բազմամիլիարդանոց տնտեսական ծրագրեր է իրականացնում Թուրքիայում եւ այդ երկրի ղեկավարության հետ բանակցություններում որեւէ անգամ առաջ չի տանում իր ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանի շահերը: Դե իսկ Ղազախստանի կամ Բելառուսի մասին խոսելը, կարծում ենք, ավելորդ է` հաշվի առնելով նրանց բյուրեղյա երազանքը` Թուրքիային ԵՏՄ խցկելու շուրջ:

 




Լրահոս