ԿՈԼԱՊՍ. ՓՆՏՐՎՈՒՄ Է «ՆԱԻՐԻՏ»-Ի ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ՝ «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների հետ հանդիպումից հետո, ուշագրավ խոստովանություն է արել. «Մենք մի կոլապսի մեջ ենք մտած, երկու ամիս է՝ ուսումնասիրում ենք, չենք կարողանում ծայրը գտնել` ի՞նչ են արել, ո՞նց են տարել, ո՞նց են բերել: Հիմա երկու ամիս է՝ չենք կարողանում գտնենք՝ ով է սեփականատերը… Ես մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու, որ բոլորը պատասխան տան, ովքեր մեղավոր են: 10 տոկոս պետությունն ա բաժնետերը, 90 տոկոս չգիտենք՝ ով է»: Հիրավի, վարչապետի այս հայտարարությունն աննախադեպ է ոչ միայն անկեղծության առումով, այլ՝ որ Աբրահամյանն, ըստ էության, ի ցույց դրեց իշխանության ներսում առկա ամենաթողությունը: Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի գործով ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին «բաց ֆաքսեր» ուղարկած ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանն այդ բացահայտումներից հետո փախավ Հայաստանից: Ավելին՝ երբ ընդդիմությունն ամիսներ շարունակ պնդում էր «Նաիրիտ»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, իշխանությունը խնդրում էր չաղմկել՝ բացատրելով, թե հիմա բանակցություններ են ընթանում «Ռոսնեֆթ» ընկերության հետ` «Նաիրիտ»-ը գնելու համար: «Ես դրանում շահագրգռված եմ եւ կարծում եմ՝ պետք է ստեղծել հանձնաժողովն այն բանից հետո, երբ կավարտվեն մեր բանակցությունները «Ռոսնեֆտ»-ի հետ»,- դեռ այս տարվա փետրվարին ասել էր Տիգրան Սարգսյանը: Նա մի քանի անգամ պնդել էր, որ «Ռոսնեֆտ»-ը 500 մլն դոլարի ներդրում է ցանկանում անել «Նաիրիտ»-ում: Հիմա, պարզվում է, որ ոչ միայն «Ռոսնեֆտ»-ը չի ցանկանում այստեղ ներդրումներ անել, այլեւ` հայտնի չէ, թե ով է «Նաիրիտ»-ի սեփականատերը: Եվ սա բացահայտեց Սահմանադրությամբ երրորդ, իրականում պետության երկրորդ դեմքը:

 
«Մեզ համար դա ցավոտ թեմա է, իսկ մեր ժողովուրդը շատ է մտահոգված այն փաստով, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին… Չնայած նրան, որ Ռուսաստանը Բաքվին զենք է վաճառում, նա հանձն կառնի իր ստանձնած պարտավորությունները»,- արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սա, ի դեպ, առաջին անգամ է, որ նա հրապարակային անհանգստություն է հայտնում ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության առթիվ: Ընդ որում, Ս. Սարգսյանը ՌԴ-ին «ատամ» է ցույց տալիս այն ժամանակ, երբ մյուս կողմից՝ օր առաջ ցանկանում է անդամակցել ԵՏՄ-ին: Նկատենք, որ նախկինում, դեռ 2010թ. Ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նույն Ս.Սարգսյանն այլ կարծիք էր հայտնել. «Այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է ձեռք բերում, մեզ համար նորություն չէ, բայց Հայաստանը չի կարող մեղադրել Ռուսաստանին դրա համար, իհարկե մենք կարող ենք դժգոհել, դա մեր գործն է, բայց մեղադրելը սխալ է»: Ստացվում է, որ ինչ-որ բան է փոխվել ՌԴ-ՀՀ փոխհարաբերություններում:

 
ՀՀ նախագահի նստավայրում կրծողների դեմ անհաշտ պայքար է սկսվել: Այդ նպատակով ՀՀ պետական բյուջեից նաեւ միջոցներ են հատկացվել` 330 հազար դրամ` միայն երկրորդ եռամսյակի համար: Իսկ կրծողների դեմ պայքարի գործը, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ»-ին, վերապահվել է «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ին: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովում եւս ամեն ամիս կրծողների դեմ պայքար է տարվում. այստեղ էլ տարեկան պետական բյուջեից ծախսվում է 840 հազար դրամ կամ մոտ 2 հազար ԱՄՆ դոլար: Ու քանի որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Կառավարության շենքում անգամ կոսմետիկ հարդարանք չէր արել իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում, բակում էլ նույնիսկ մի թուփ չէր տնկել, ուստի դժվար է ասել հատկացում եղե՞լ է կենդանական ոլորտի սպասարկման համար, թե՞ ոչ: Կառավարության ներկայիս շենքի ներսից դեռ ԽՍՀՄ տարիների հոտն է փչում:

 

Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որտեղ կառուցված են հէկ-եր, բնակչությունը մշտապես բողոքում է դրանց գործունեության դեմ: Պատճառն այն է, որ առանց այն էլ սակավացող ջրային ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործվում են գերշահութաբեր հէկ-երի կողմից՝ կրճատելով եւ աղտոտելով մարդկանց համար նախատեսված խմելու եւ ոռոգման ջրի պաշարները: Երեկ էլ Գառնիի եւ Գողթ գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին ահազանգեցին, որ տարածքի երկու հէկ-երն իրենց զրկում են ջրից: Ի դեպ, խնդիրն այն աստիճանի մտահոգիչ է դարձել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն այս շաբաթ հանդես եկավ հայտարարությամբ՝ ավետելով, որ այսուհետ խստացվում են փոքր հէկ-երի կառուցման համար տրվող լիցենզիաները: Սակայն Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե շատ վրդովվում է, երբ ասում են, թե հէկ-երը խնդիրներ են ստեղծում բնության համար: «Հէկ-ը ընդհանրապես ոչ մի տեսանկյունով, ոչ մի ձեւով չի վնասում բնապահպանությանը, եթե կառուցվում է ճիշտ եւ նորմատիվները պահպանելով»:

 




Լրահոս