ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԸ ՎՆԱՍ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանության նախարարությունն ընդունել է, որ փոքր հէկ-երը խնդիրներ են ստեղծում: Համահայկական բնապահպանական ճակատին ուղղված նամակում այդ մասին հայտնել են նախարարությունից:

«Ներկա կառավարությունից առայժմ պատասխան ենք ստացել միայն Բնապահպանության նախարարությունից, որտեղ, մասնավորապես, նշված է, որ ՓՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական եւ օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հաճախ վնաս է հասցվում բնությանը եւ շրջակա միջավայրին, չեն տեղադրվում ձկների համար նախատեսված ձկնանցարաններ»,-նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրությունում:
Ճակատը կոչ է արել ՀՀ կառավարությանը խոսքերից անցնել գործնական քայլերի եւ բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր ու հանրային շերտերի հետ քննարկման արդյունքում հստակ միջոցառումներ ձեռնարկել փոքր հէկ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության վերանայման ուղղությամբ, քանի որ այլընտրանքային էներգետիկայի այս տեսակի նման զարգացումն արդեն առաջ է բերել լուրջ խնդիրներ։ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանի հետ, ով շատ վրդովված էր այն հայտարարություններից, թե փոքր հէկ-երը խնդիրներ են ստեղծում բնության համար:
«Հէկ-ն ընդհանրապես ոչ մի տեսանկյունով, ոչ մի ձեւով չի վնասում բնապապհանությանը, եթե կառուցվում է ճիշտ եւ նորմատիվները պահպանելով: Ուզում է կառուցես ոռոգման ջրի վրա, ուզում է կառուցես խմելու ջրի վրա, ընդհանրապես ոչ մի բնապահպանական, բնակլիմայական նորմի վրա չի ազդում: Եթե, իհարկե, նորմերը պահպանվում են: Իսկ ի՞նչ է նշանակում նորմերը պահպանել. դա գետի ջրի հետ կապված` ճիշտ քանակությունը գետի մեջ թողնելն է, ձկնուղիների հետ կապված էլ` դրանց կառուցումը, դա նորություն չէ: Յուրաքանչյուր հէկ կառուցող տեղյակ է այդ նորմատիվների մասին»,-հայտարարեց մեր զրուցակիցը:
Ն. Նահապետյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ճակատագիր է սպասվում Գողթում եւ Գառնիում կառուցված հէկ-երին, քանի որ ըստ գյուղացիների՝ դրանք վնասում են բնությունը: «Դա կառուցված է ոռոգման ջրի վրա, եւ նորմալ է կառուցված, ես անձամբ գիտեմ, թե որտեղ է դա գտնվում»: Ըստ ՓՀԷԿ-երի միության նախագահի` բնապահպանները դրամաշնորհներ են ստանում ու սկսում են տարբեր տեղեկություններ տարածել, որոնք իրականությանը չեն համապատասխանում. «Եվ ոչ թե արդեն մասնագիտական քննարկում է գնում, այլ, ուղակի, ինչ-որ բան են կատարում… Ես այնքան զայրացած եմ այդ հարցերի հետ կապված, ի վերջո կարելի է մասնագիտորեն վերաբերվել այդ հարցերին»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս