Մեր օրերում արդեն ավանդույթ է դարձել, երբ տուժած կամ իրեն այդպիսին համարող կողմը ծագած խնդրին հնչեղություն տալու ու այն իր օգտին լուծելու արդյունավետ ուղի է համարում ճանապարհներ փակելը կամ լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելը: Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանի բնակիչներն ու հարեւանությամբ գտնվող Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրինությունը ընտրեցին վերջին տարբերակը: Բոլոր հնարավոր լրատվամիջոցների դռները թակելով ոչ միայն հայտարարեցին, որ «Երեւան Ջուր» ՓԲԸ պատճառով իրենք մեկ ամսից ավելի է ջրազրկված են, այլ որ ընկերությունը իրենցից գումար է պահանջել՝ վթարի վայրը հայտնաբերելու համար: Այս հայտարարությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլ ավելին` վարկաբեկում են ընկերությունն ու գիշեր եւ ցերեկ ամռան այս տապին` կիզիչ արեւի տակ աշխատող մարդկանց արժանապատվությունը: Փորձենք ներկայացնել պատմությունը հերթականությամբ:
Թբիլիսյան խճուղու այդ հատվածը սնվում է Արզականի ջրատարից, ինչը նշանակում է, որ բնակիչը ապահովված է 24 ժամյա ջրամատակարարմամբ: Ջրատարից եկող խողովակաշարը անցնելով հարեւանությամբ գտնվող Արաբկիրի դատարանի տարածքով` բաժանվում է երկու ճյուղի: Խողովակի մի մասը կենարար հեղուկով է ապահովում դատարանին եւ Թբիլիսյան խճուղու 7 հասցեին, իսկ մյուս` 100 մմ տրամագծով ջրագիծը` հանդիսանալով Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի սեփականությունը սնում է քոլեջն ու հանրակացարանը: 10 օր առաջ այս երկու հասցեները ջրազրկվեցին: «Երեւան Ջրի» մասնագետների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ընկերության սպասարկման տակ գտնվող ջրագծի վրա որեւէ վթար չկա, այսինքն խնդիրը ներքին ցանցում է, որի սպասարկումը եւ վթարի վերացումը ջրագծի սեփականատիրոջ պարտականությունն է` համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականին ընդունած 130Ն որոշման: Այդ մասին «Երեւան Ջուր» ՓԲԸ տեղեկացրեց բաժանորդներին, իսկ ներքին ցանցում առկա վթարը հայտնաբերելու համար խորհուրդ տվեց դիմել մասնագիտացված կազմակերպություն, որտեղից էլ կպարզեն վթարի վայրն ու կվերացնեն այն: Սակայն բաժանորդները խնդրի լուծմանը անմիջապես ձեռնամուխ լինելու փոխարեն, սկսեցին ծեծել բոլոր լրատվամիջոցների դռները` հայտարարելով, որ «Երեւան Ջուր»-ը իրենցից վթարը հայտնաբերելու եւ վերացնելու համար գումար է պահանջել: Մինչ բնակիչներն ու քոլեջի տնօրենը լրագրողների հետ հանդիպումներով էին զբաղված, «Երեւան Ջրի» աշխատակիցները մարդասիրական քայլ արեցին եւ օգնության ձեռք մեկնեցին իրենց վարկաբեկողներին: Մի քանի տեղ փորելով եւ օգտագործելով որոնողական սարքերը պարզեցին, որ վնասվել է քոլեջի սեփականություն համարվող ջրագիծը, ինչը մեր ընկերության հաշվեկշռում չէ: Բանուկ փողոցում ծանր մեքենաների երթեւեկից «բացվել» էր խողովակի վրա գտնվող եռակցման կարը, ինչն էլ բերել է ջրի կորստի եւ ջրի ճնշման անկման:
«Երեւան Ջրի» աշխատակիցները անմիջապես ձեռնամուխ եղան վթարը վերացնելուն: Հողային, եռակցման աշխատանքներ կատարելուց երեք ժամ հետո արդեն խնդիրը լուծված էր, ջրամատակարարումը: Ինչ վերաբերում է մամուլում Երեւանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրենի արված հերթական այն հայտարարությանը, թե մեկ ամիս առաջ քոլեջի հարակից տարածքում «Երեւան Ջուր» ընկերության սկսած շինարարական աշխատանքներից հետո ջրազրկվել է քոլեջն ու Թբիլիսյան խճուղու 3/2 հասցեի հանրակացարանը, ապա խորհուրդ կտանք տնօրենին չզբաղվել անշնորհակալ գործով` գուշակությամբ եւ չփորձել իրար կապել բացարձակ կապ չունեցող երեւույթներ: Շինաշխատանքները, ինչի մասին խոսում է քոլեջի տնօրենը, Երեւան Ջուր ՓԲԸ ընթացիկ ծրագրային աշխատանքներից է` խողովակաշարի կառուցում, ինչի հետեւանքով տվյալ տարածքում որեւէ ջրազրկում չի եղել եւ չէր էլ կարող լինել:
Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանի բնակիչներին եւ քոլեջի տնօրինությանը խորհուրդ կտանք իրենց թանկագին ժամանակը ծախսեն ոչ թե լրատվամիջոցներին հնարովի պատմություններ ներկայացնելով, այլ իրենց սեփական ջրագիծը փոխելով կամ նորոգելով:
«Երեւան Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն