ՓԱՍՏՈՐԵՆ` ՔԻԹՆ ԷԼ Է «ԹԱՐՍ ԲՈՒՍՆՈՒՄ»
Ցողունային բջիջների փոխպատվաստման միջոցով կաթվածի փորձարարական բուժման օգնությանը դիմած կնոջ մեջքին նոր քիթ է աճել: Պատճառն այն է, որ քթից վերցրած հյուսվածքները մեջքին էին փոխպատվաստել եւ նույն տեղում, վիրահատությունից ութ տարի անց, «կրկնօրինակ» օրգան է հայտնվել, գրում է The Daily Mail-ը: «Քթագոյացումը» անցավ չի անցել. կաթվածահար կինը ստիպված է եղել երկրորդ անգամ բժիշկների օգնությանը դիմել, որոնք էլ պարզել են, որ հիվանդի մեջքին 3 սմ-անոց՝ ողնուղեղից պոկված նյարդային ծիլեր պարունակող քիթ է զարգանում: Այս տեղեկատվությունը բավականին ուշագրավ է հատկապես այն պատճառով, որ ամիսներ առաջ հրապարակված տեղեկատվության համաձայն` Սերժ Սարգսյանը եւս կորեական կլինիկաներից մեկում ցողունային բջիջների պատվաստման կուրս էր անցել: Հուսանք, որ Սերժ Սարգսյանին չի սպառնում նման նոր օրգանագոյացությունը:
ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` ՌԴ ԴՄԾ-ի տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկին հուսով է, որ ՌԴ քաղաքացիություն տրամադրելու նոր օրենքն ամբողջ ուժով կգործի օգոստոսի 1-ից: Հեշտացված կարգով մարդը պետք է չորս պահանջների համապատասխանի. Տեղափոխվի ՌԴ, ՌԴ-ում մշտապես ապրող բարեկամներ ունենա, իմանա ռուսերեն, որը որոշելու է հատուկ հանձնաժողովը, ինչպես նաեւ պետք է հրաժարվի նախկին քաղաքացիությունից: Արդյունքում մարդը կարող է ՌԴ քաղաքացիություն ստանալ մեկ տարվա ընթացքում, այլ ոչ թե ութ տարի անց, ինչպես որ նախկինում էր:
ՆՈՐ ԱՂԱՆԴ
Միացյալ երիտասարդական լիգան հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանում եւս մեկ աղանդի ներթափանցման փորձի մասին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, այս անգամ Վիֆանիա կոչվող աղանդը ներթափանցում է Ռուսաստանի Սոչի քաղաքից: Աղանդն իր առաջին հավաքն անցկացրել է Աբովյան քաղաքում, Աստծո Ժողովուրդ աղանդի շենքում: Այս աղանդն առավել հայտնի է Ռուսաստանում, որի տարբեր մարզերում լայն տարածում ունի: Վիֆանիան բապտիստների ճյուղերից է: