ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջերս ԱԺ-ի կողմից ընդունվել է օրենք այն մասին, որ չի կարող կալանքի վերցվել ողջ հաշիվը, այլ միայն 10.000 դրամ… Նման օրենք ընդունվել է, այն կա ու չի կիրառվում, դա այլ խնդիր է»:

Գարեգին Նուշիկյան Tert.am

ՀՀԿ-ական պատգամավորը խոսում է քաղաքացիների ու գործարարների բանկային հաշիվների սառեցման եւ դրա հետեւանքով ՀՀ քաղաքացիների՝ բանկերում իրենց հաշիվները փակելու դեպքերի մասին, որոնց մամուլը վերջերս հաճախ է անդրադառնում: Այն, որ ՀՀ քաղաքացիները վաղուց են դարձել դրա զոհը, որեւէ մեկի համար պետք է որ գաղտնիք չլիներ: Անգամ ամենաչնչին տուգանքի դեպքում ԴԱՀԿ-ն արգելանք է դնում մարդու բանկային հաշիվների վրա՝ նրան սոված թողնելով: Բայց պարզվում է՝ պատգամավոր Նուշիկյանն այնքան չի շփվել իր ընտրատարածքի բնակիչների հետ, որ օրենքի խախտման մասին ահազանգ չի ստացել:

 

«Ձեռնարկությունը 2300 աշխատող ունի, եւ այս պահին աշխատավարձը 1 մլն դոլարից ավելի է կազմում: Պետությունը այս պահին այդ գումարը չունի»:

Երվանդ Զախարյան Henaran.am

Իսկ արդյո՞ք 15 ամիս աշխատավարձ չստացած նաիրիտցիներին պետք է հետաքրքրի, թե պետությունն այս պահին ինչքան գումար ունի:Կամ ո՞ւմ մեղքով է, որ պետությունը գումար չունի: Իսկ որտեղից պետությունը գումար ունենա, եթե դեռ 2012-ին լրատվամիջոցները հրապարակել էին Երվանդ Զախարյանի եւ նրա կնոջ դրամական միջոցների մասին, ըստ որի՝ դրանք կազմել են մոտ 60 միլիոն դրամ, այն դեպքում, երբ նախկին պաշտոնում Զախարյանի աշխատավարձը 283 հազար դրամ է եղել: Հիմա եթե Զախարյանի նման մի քանի պաշտոնյա հաշվենք, ապա, բնականաբար, բյուջեում 1 մլն դոլար չի լինի՝ բանվորների աշխատավարձերը տալու համար:

 

«Ես եղել եմ ամենասուր ընդդիմադիրը Հայաստանի երեք նախագահների, հատկապես՝ երկրորդի»:

Րաֆֆի Հովհաննիսյան «Առավոտ»

Հետաքրքիր է, ըստ «Ժառանգության» առաջնորդի, ինչո՞վ է չափվում ընդդիմադիր լինելու սրությունը, միգուցե աղոթելու տեւողությա՞մբ: Չէ՞ որ, ամեն դեպքում, ամեն մի ընդդիմադիր չէ, որ կարող էր աղոթել անձամբ Վլադիմիր Գասպարյանի հետ: Այս տեսանկյունից, այո, Րաֆֆի Հովհաննիսյանն ամենասուր ընդդիմադիրն է՝ հատկապես երեք նախագահների, որոնցից երկուսի հետ այս պահին լավ էլ համագործակցում է: Թե՞ միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, որ Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը ոչ մի կապ չունեն Քառյակում ընդգրկված ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի հետ, կամ էլ ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կապ չունի Քառյակի անդամ «Ժառանգության» հետ:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս