Երեկ, երբ armlur.am-ը տեղեկություն տարածեց, որ ադրբեջանցի դիվերսանտներ են մտել Քարվաճառի, Վարդենիսի տարածք, որից հետո 14-ամյա հովիվ է կորել, իսկ վարդենիսցիներն էլ անհանգստացած են՝ կարծելով, որ դիվերսանտները թունավորել են իրենց տարածաշրջանի ջրերի ակունքները, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ինտենսիվ հերքումներ էր հրապարակում, թե armlur.am-ը ապատեղեկատվություն է տարածում:
Մինչդեռ այսօր Արցախի Հանրապետության պաշտպանական բանակը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հաստատելով armlur.am-ի տեղեկությունը, որ իսկապես ադրբեջանցիների կողմից դիվերսիա է իրականացվել: «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված է, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»,- հայտնում է ԼՂՀ ՊԲ-ն:
Իսկ Քարվաճառի ոստիկանապետի տեղակալ Սաղյանն էլ armlur.am-ին հայտնեց, որ իսկապես արդեն մի քանի օր է, ինչ Քարվաճառի բնակիչ մի տղա անհետացել է. «Անունը Սմբատ է, ման ենք գալիս, դեռ չենք գտել: Կոնկրետ չեմ կարող ասել դիվերսիոն հարձակման արդյունքում է նա կորել, թե ոչ, անհայտ հանգամանք է: Բոլորը զբաղվում են դրանով»:
Պաշտոնական այս հայտարարություններից հետո, կարծում ենք, որ ոչ ադեկվատ պահվածք դրսեւորած ՊՆ խոսնակը պետք է առնվազն հրապարակավ ներողություն խնդրի մեր հայրենակիցներից՝ շտամպային ապատեղեկատվություն տարածելու համար: Չի բացառվում, որ հենց նրա անպատասխանատու պահվածքի պատճառով էր, որ երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ որեւէ պաշտոնյա այդպես էլ չարձագանքեց վարդենիսցիների հնչեցրած ահազանգին, որեւէ մեկը հարկ չհամարեց գնալ հասնել Վարդենիս եւ խուճապահար մարդկանց հանգստացնել: Մինչդեռ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, շատ վարդենիսցիներ երեկ ողջ օրվա ընթացքում դուրս էին եկել իրենց տներից եւ վախենում էին ներս մտնել՝ կարծելով, որ «ադրբեջանցիները կհարձակվեն», նրանք նույնիսկ ջուր չէին խմում, վախենալով, որ այն թունավորված է:
Թերեւս արժե ՊՆ աշխատակազմին ու անձամբ նախարար Սեյրան Օհանյանին հիշեցնել, որ ՊՆ խոսնակի ֆունկցիան նախարարի թիկունքում կանգնելը եւ նրա ֆոնին լուսանկարվելը չէ, ինչպես նաեւ՝ լրատվամիջոցի պարբերական զանգերն անպատասխան թողնելուց հետո համացանցում գրառումներ անելը: Նա պարտավոր է հասարակությանը հուզող յուրաքանչյուր հարցի տալ ադեկվատ պատասխան՝ չառաջացնելով իրավիճակը լարող լրացուցիչ խնդիրներ ու դժվարություններ: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք լիովին գիտակցում ենք խնդրի կարեւորությունը` երկրի ազգային անվտանգության համար: Սակայն կարծում ենք, որ կատարված փաստը կոծկելը կամ անհեթեթ հերքումներ հրապարակելը ոչ միայն չի նպաստում, այլեւ հակառակը` ավելի է բորբոքում խուճապային տրամադրությունները:
Համոզված ենք՝ Արծրուն Հովհաննիսյանը չի կարողանում կատարել իր պաշտոնական պարտականությունները, եւ այս հարցը պետք է քննարկվի ՊՆ-ում: Ստելը, հատկապես սպայի համար, պատվաբեր չէ: