ՊԱՐՏԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, մարզային դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ կսկսվի Դիլիջան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Արտուր Ալոյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ 2013թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի դիմացի ճանապարհին ականատես է եղել Նավասարդ Աբգարյանի եւ Արտավազդ Թամրազյանի միջեւ վիճաբանությանը եւ նկատել, որ Ն. Աբգարյանն իր ավտոմեքենայից կրակել է այդ պահին ավտոմեքենայի ձախ կողմում գտնվող Ա. Թամրազյանի վրա ու ատրճանակը ձեռքին իջել է ավտոմեքենայից: Այնուհետեւ Արտուր Ալոյանը նստելով իր «Պորշ Կայեն» ավտոմեքենան, դանդաղ վարել է Մյասնիկյան փողոցով դեպի վերեւ, որտեղ Նավասարդ Աբգարյանը մոտենալով՝ նստել է նրա «Պորշ Կայեն» ավտոմեքենան ու ատրճանակը թողնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին, հեռացել է: Դրանից հետո Ա. Ալոյանն առանձնապես ծանր հանցագործության գործիքի՝ «Նագան» տեսակի ատրճանակի՝ նախապես չխոստացված պարտակման դիտավորությամբ ավտոմեքենայով գնացել է Դիլիջան քաղաքի կենտրոն եւ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա թաքցրել է նշված ատրճանակը: Դեպքից շուրջ 15 օր անց՝ 2014թ. հունվարի 9-ին Արտուր Ալոյանը զանգահարելով ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանին, հայտնել է թաքցված ատրճանակի տեղը: Ա. Ալոյանը կալանավորվել է, նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով («Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը՝ հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռքբերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը»): Սույն հոդվածով բնութագրվող հանցագործության կատարման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից դիլիջանցի մեծահարուստ գործարար Արմեն Աբգարյանի եղբորորդին՝ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը, մահացել էր «Դիլիջան» բժշկական կենտրոնում, իսկ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը, մահացել էր Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս