ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ԼՈՒԾԵԼ

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր տեւական ժամանակ է` պահանջում են վճարել իրենց` ամիսներով չվճարված աշխատավարձը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն եւ հանդիպել իր աշխատասենյակում: Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը եւ նշել, որ մինչեւ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը եւ կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին եւ նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

51 ՏԵՂ ՎԵՐԱԲԱՇԽԵԼ ԵՆ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է մագիստրոսի աստիճան ստանալ ցանկացող զորացրված երիտասարդների համար նոր հնարավորություններ ընձեռող հրամանի մասին. «Այսօր հրաման եմ ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի թափուր մնացած 51 տեղերը վերաբաշխել ենք ըստ բուհերի: Այս լրացուցիչ տեղերը նախատեսված են բանակից զորացրված, բակալավրիատի կրթությունն ավարտած այն երիտասարդների համար, որոնք ցանկություն կունենան շարունակել իրենց կրթությունն անվճար` մագիստրոսական մակարդակում: Այդ դիմորդների համար կազմակերպվելու է առանձին մրցույթ բուհերում: Ընդհանուր առմամբ բանակից զորացրված բակալավրերի համար նախատեսված տեղերի քանակը դարձավ 151: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք երկուշաբթիից սկսած դիմել համապատասխան բուհեր: Հաջողություն եմ մաղթում ձեզ, հայրենիքի առջեւ պարտքը կատարած երեկվա զինվորներ-վաղվա ուսանողներ»:
Ա. Ս.

ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերը: Տեղեկություններ կան, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ առաջարկել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին: Եթե տրանսֆերային գործարքը կայանա, ապա Խեդիրան կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն այդ ակումբի կազմում:

ՄԵՍՍԻԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ԱԱ 2014-ի կիսաեզրափակիչում՝ Նիդեռլանդների հետ խաղում հաղթանակը նվիրել է իր հայրենակցին՝ լրագրող Խորխե Լոպեսին, ով մահացել է ավտովթարից՝ Բրազիլիայում: Լոպեսը, ով աշխատում էր բարսելոնյան «Sport» թերթի խմբագրությունում, Մեսսիի ամենասիրելի լրագրողներից մեկն էր:
«Ես ցանկանում եմ գրկել բոլոր արգենտինացիներին եւ այս հաղթանակը նվիրում եմ իմ ընկեր Խորխե Լոպեսին: Այս հաղթանակը քո համար է, իմ ընկեր, եւ քո ընտանիքի»,-գրել է Մեսսին իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Նիդեռլանդներն ու Արգենտինան այդպես էլ չկարողացան գրավել միմյանց դարպասը եւ միայն 11 մետրանոցների շնորհիվ Արգենտինան դուրս եկավ եզրափակիչ:

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

Նեպալի Բհարաուլ գյուղի բնակչուհին ինքնասպան է եղել ԱԱ-2014-ի կիսաեզրափակչի ժամանակ։ Բրազիլիա-Գերմանիա խաղի արդյունքների հետ կապված տանեցիների հետ վեճից հետո 15-ամյա դպրոցական Փրագյա Թհապան դիտել է խաղը ընկերների հետ եւ երկրպագել Բրազիլիայի հավաքականին: Ինչպես հայտնել են տեղի ոստիկանները, Գերմանիայի՝ 7:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո ընկերները սկսել են ծաղրել աղջկան: Տուն գալով՝ աղջիկը վիճել է քրոջ հետ, ով Գերմանիայի հավաքականի երկրպագուն է: Աղջիկը չի կարողացել դիմանալ այդ լարվածությանը եւ կախվել է իր սենյակում:

ՆԵՅՄԱՐԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է

«Բարսելոնա»-ի բժշկական շտաբի ներկայացուցիչները կոնսուլտացիաներ են անցկացրել իրենց Բրազիլիայի գործըկերների հետ` կապված հարձակվող Նեյմարի բուժման հետ։ Հիշեցնենք, որ հարձակվողը ողի վնասվածք է ստացել Կոլումբիայի դեմ խաղի ժամանակ: Կատալոնական ակումբի բժիշկները հաստատել են իրենց բրազիլացի գործընկերների տրված դիագնոզը եւ հայտնել, որ Նեյմարն իր բուժումը կշարունակի հենց «Բարսելոնա»-ում` օգոստոսի հինգից:




Լրահոս