Բնապահպանության նախարարն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի վարչության անդամներին՝ կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանի գլխավորությամբ: 60 ձկնաբուծական տնտեսություն միավորող հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին՝ հանդիպում կազմակերպելու և ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հուզող հարցերը քննարկելու խնդրանքով:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, արձանագրելով Արարատյան հարթավայրում առկա խորքային ջրերի մակարդակի իջեցման հիմնախնդիրը, տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այն լուծելու ուղղությամբ ծրագրային քայլեր է կատարում, սակայն կցանկանար լսել նաև ձկնաբույծների մոտեցումները խնդրի լուծման ուղիների վերաբերյալ և ստանալ նրանց աջակցությունը, քանի որ կառավարությունը չի կարող միայնակ լուծել կուտակված խնդիրները: «Այս հանդիպումը կարևոր է բոլորիս համար, քանի որ մենք այսօր տարածաշրջանում ունենք ջրային պաշարների խնայողության հրատապ անհրաժեշտություն: Հարցն այնքան օրախնդիր է, որ կառավարությունը որոշում է կայացրել վճռական քայլերի գնալու: Այս քայլերին գնալիս մենք մեր առջև խնդիր ենք դրել հաշվի առնել նաև ձկնաբույծների շահերը: Մենք պետք է կարողանանք նվազեցնել օգտագործվող ջրի քանակը, հետագայում անդառնալի կորուստներից խուսափելու համար»,-շեշտել է նախարարը:

«Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արմեն Բունիաթյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, ներկայացրել է ձկնաբույծների մտահոգությունը՝ կապված Արարատյան հարթավայրի արտեզյան ջրերի մակարդակի իջեցման վերաբերյալ, ինչը վտանգում է երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու հեռանկարները: Վերջինս մտահոգիչ է համարել այն իրողությունը, երբ որոշ ձկնաբուծական տնտեսություններ ընդերքից վերցնում են անհամեմատ ավելի շատ ջուր, քան իրենց անհրաժեշտ է տվյալ քանակի ձուկ արտադրելու համար:

Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է համապատասխան նախագիծ, ինչը հնարավորություն կտա ձկնաբուծության ոլորտում նվազեցնել ջրօգտագործման ծավալները: Այս աշխատանքները պետք է այնպես կազմակերպվեն, որ չվնասեն ձկնարտադրությանը: Նախարարը խորհուրդ է տվել ձկնաբույծներին իրենց տնտեսություններում ներդնել նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ոչ միայն նվազագույնի հասցնել միավոր ձկան արտադրության համար անհրաժեշտ ջրաքանակը, այլ նաև կխթանեն տնտեսությունների զարգացումը: Ըստ նախարարի, զուգահեռ աշխատանքներ են տարվելու նաև ապօրինի խորքային հորերի փակման ուղղությամբ: Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ աշխատանքների այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվելու ինքնաշատրվանող հորերի կոնսերվացման և լուծարման վրա, որպեսզի տարվող աշխատանքներն արդյունք տան:

Ձկնաբույծներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ողջ կարողություններով աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանն արտեզյան ավազանի հիմնահարցի լուծման հարցում, քանի որ գիտակցում են, որ երկար ժամանակով ձկնաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է խորքային ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործել: «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի վարչության անդամները նախարար Արամայիս Գրիգորյանին հրավիրել են աշխատանքային այց կատարել իրենց տնտեսություններ՝ արտադրական գործընթացին տեղում ծանոթանալու և ոլորտի խնդիրներն ավելի հանգամանալից քննարկելու համար:




Լրահոս