ԱՊՐՈՒՄ ԵՆ ԳՈՄՈՒՄ՝ ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արմավիրի մարզի Հայկաշեն համայնքի բնակիչ, 63-ամյա Ժենյա Գալստյանն արդեն 7 տարի է, ինչ դստեր հետ ապրում է գյուղի «գոմեր» կոչվող տարածքի մի փոքրիկ սենյակում:

Տիկին Ժենյան ապրում է իր դստեր հետ: Նա այս ընթացքում ո՛չ «Փարոս» համակարգից է օգտվել, ո՛չ էլ՝ «Ընտանեկան նպաստից»: Ընտանիքի դրամական միակ եկամուտը տիկին Ժենյայի թոշակն է, որը կազմում է ընդամենը 19 հազար դրամ: «Մի աղջիկ էլ ունեմ. այժմ նա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Ամուսնացել է, երեխաներ ունի: Լավ է, բայց մեզ հետ կապը չի պահում, էստեղից-էնտեղից ենք լսում, որ լավ է»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց տիկին Ժենյան:
Բացի 19 հազար դրամ թոշակից, վարուցանքի շրջանում տիկին Ժենյան գումար վաստակում է նաեւ գյուղացիների հողատարածքներում աշխատելով: «Կամ 2000 դրամ, կամ էլ 3000 դրամ են վճարում: Իսկ գյուղացիների մի մասն էլ ուտելիքով եւ հագուստով է օգնում: Ի՞նչ անենք, մի կերպ յոլա ենք գնում. ոչ լույս ունենք նորմալ, ոչ էլ գազ: Ընդամենը մի սենյակում ենք ապրում ու մի «լամպուշկա» ունենք: Ո՛չ սառնարան կա, ո՛չ՝ հեռուստացույց, ո՛չ էլ՝ լվացքի մեքենա: Գոնե մեկը գտնվեր օգներ սառնարանով կամ հեռուստացույցով»,- հույս հայտնեց իր հանապազօրյա հացը դժվարությամբ աշխատող տարեց կինը:
Տիկին Ժենյայի փոքրիկ սենյակի պատերը խոնավ են, ինչի պատճառով մայր ու աղջիկ ձեռք են բերում տարբեր տեսակի հիվանդություններ: Նրանք կերակուրը պատրաստում են մի ընդհանուր սենյակում, ուտում եւ քնում են նույն տեղում: Իսկ ամռան ամիսներին տիկին Ժենյան իր փոքրիկ սենյակի դուռն ու պատուհանները մշտապես բաց է պահում, որպեսզի խոնավությունը փոքր-ինչ անցնի:
«Հարուստ չենք, աղջիկ ջան, հարուստ չենք: Ես ու աղջիկս գնում ենք ու մեր կնիկ հալով փայտ հավաքում, որպեսզի ձմռան ամիսներին յոլա գնանք: Գյուղի պահածն ենք, աղջիկս: Ճիշտ է, թոշակով յոլա ենք գնում, բայց դե, ես բառադի կնիկ չեմ, տնտեսում եմ»,-ժպտալով ասաց տիկին Ժենյան:
Չնայած սոցիալական ծայրահեղ վատ պայմաններին, տիկին Ժենյան, այնուամենայնիվ, կարողանում է իրեն շեղել առօրյա խնդիրներից: Ազատ ժամանակ նա ռուս գրականություն է կարդում: «Սիրում եմ, միշտ գեղարվեստական գրքեր եմ կարդում: Նախկինում մանկապարտեզում որպես դայակ եմ աշխատել»,- երանությամբ հիշեց նա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս