ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի անուն-ազգանունը չպետք է շփոթել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանի անվան հետ` չնայած երկուսի արմատներն էլ Դիլիջանից են: Համեստ ու երբեք սեփական անձն ի ցույց չդնող Արմեն Պարույրի Սանթրոսյանի հակապատկերն է իր «ադաշը», ում  Դիլիջանում ոչ միայն չեն սիրում, այլեւ նրա դեմ նամակներ են գրում` երազելով այն օրվա մասին, երբ այլեւս չի զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
Արմեն Սանթրոսյանը Դիլիջանի քաղաքապետի պաշտոնում հայտնվել է 2005 թվականին եւ արդեն յոթ տարի ղեկավարում է քաղաքը: Բնիկ դիլիջանցի Արմեն Սանթրոսյանը, ի տարբերություն մեր մի շարք կիսագրագետ համայնքապետերի, կարգին կրթություն ունի. ավարտել է Երեւանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի կազմակերպում եւ նորմավորում ֆակուլտետը: Զուգահեռաբար սովորել է հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում` ստանալով իրավական գիտելիքների պրոպագանդիստի որակավորում:  1986-88 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Հայտնի չէ, թե մինչեւ 1993 թվականն ինչով է զբաղվել  Սանթրոսյանը, որտեղ է գտնվել, սակայն 1993 թվականից Տավուշի մարզային հարկային տեսչության արտադրական ոլորտի ձեռնարկությունների հարկման խմբի պետական հարկային տեսուչ է աշխատել, իսկ 2000-2001թթ.` Տավուշի ՄՀՏ-ի գլխավոր տեսուչն էր: 2001 թվականի հունվարից  էլ արդեն Տավուշի ՄՀՏ-ի Դիլիջանի բաժնի պետն էր, 2002-ին ստացել է Հայաստանի պետական հարկային տեսչության Դիլիջանի տարածքային հարկային պետական ծառայության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, այնուհետեւ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Դիլիջանի տարածքային հարկային տեսչության պետի պաշտոնը: Այս չափազանց եկամտաբեր պաշտոնները 2005 թվականին փոխարինել է քաղաքապետի պաշտոնով:
Այս նոր պաշտոնին անցնելն իր տրամաբանությունն ուներ. արդեն պետական ուշադրություն կար Դիլիջանի հանդեպ, իշխանությունները ջանքեր էին գործադրում այս կանաչ քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար, ավելանում էին ֆինանսական ներդրումները, ուրեմն կարելի էր մի եկամտաբեր պաշտոնը մյուսով փոխարինել եւ ապրել գոհ ու երջանիկ: Եւ Արմեն Սանթրոսյանը հենց այդպես էլ ապրում է, որովհետեւ ունի սեփական բիզնես, իրեն է հպատակեցրել ողջ քաղաքը` բոլոր հարցերը լուծելով «ռազբորկաների» եւ իրեն աջակցող մի խումբ կրիմինալ տարրերի միջոցով:
Երկրի նախագահին գրած նամակում դիլիջանցիները նշել են. «Մեր քաղաքապետը` Արմեն Սանթրոսյանը, գլուխ է գովում, որ իրեն չեն կարող կպչել, քանի որ Սերժի ախպերն իր ախպերն ա, իրա քիփն ա, Կարենին` Երեւանի քաղաքապետին, վարչապետին, նախարարներին եւ շատ-շատ բարձրակարգ պաշտոնյաների ինքը «կապել ա» հողերով, դաչաներով, ու իր մեջքը պինդ ա»: Այո՛, Դիլիջանի քաղաքապետը մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հողեր է նվիրել, առանց պաշտոնական որոշումների եւ հրապարակային քննարկումների` նրանց հատկացրել տարածքներ` ամառանոցներ կառուցելու համար: Իսկ այս ամենը հենց այնպես չի արել. քաղցրացնելով շատերի աչքը` նաեւ ինքն է ազատորեն օգտվել դիլիջանյան բարիքներից եւ սեփականել բազմաթիվ հողատարածքներ:
Քաղաքն ամբողջապես իր կալվածքը համարող Արմեն Սանթրոսյանը նախորդ ընտրությունների ժամանակ ամեն ինչ արեց, որ առաջադրված երկու թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը եւ այլեւս չմտածեն քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու մասին: Եւ ինչո՞ւ թույլ տա, երբ հարմարավետորեն տեղավորվել է այս  պաշտոնում եւ անում է սրտի ուզածը:
Ըստ դիլիջանցիների` Արմեն Սանթրոսյանին են պատկանում քարի ու եվրոպատուհանների արտադրամասեր, փայատեր է  Դիլիջանում գտնվող շքեղ հյուրանոցներից մեկի, որի մյուս փայատերն էլ իր ընկեր Զիբիլ Գագոն է: Արմեն Սանթրոսյանը քաղաքի մի շարք լավագույն շենքեր չնչին գումարով վաճառում կամ էլ վարձակալության է տալիս` երբեք թույլ չտալով, որ գործարքը հաստատող փաստաթղթերի տակ երեւա իր ստորագրությունը: Նա միայն հիշատակում է Ռուսաստանում ունեցած իր բիզնեսի մասին: Ի դեպ, համայնքապետը հրապարակավ խոստովանում է, որ բիզնես ունի, մինչդեռ Էթիկայի հանձնաժողովը լռության է մատնում այս հանգամանքը, նրա պաշտոնանկության հարցը չի քննարկում: Եւ ինչպե՞ս քննարկի, երբ այս համայնքապետն էլ շատերի նման Հանրապետական կուսակցության անդամ է, նշանակում է` հովանավորված  է եւ անձեռնմխելի:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս