ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, գրավատունը կարո՞ղ է արդյոք վարկեր տրամադրել ՀՀ կենտրոնական բանկի բանկային տոկոսադրույքի կրկնակիից ավելի տոկոսադրույքով։ Եվ խնդրում եմ ասեք, արդյոք գրավատունն իրավունք ունի՞ սպասարկման վճար գանձել վարկառուից:

Եվա Գրիգորյան (29 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում (փոխառություն) նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով եւ վարկային պայմանագրով: Այսինքն՝ կողմերը կարող են վարկային պայմանագրով նախատեսել այլ պայմաններ, քան նախատեսված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխում: Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքին համաձանվելու դեպքում այն պարտադիր է վարկային պայմանագրի կողմերի համար:
Սպասարկման վճարների չափը նույնպես սահմանվում է կողմերի միջեւ կնքված վարկային պայմանագրով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, եթե կա երկկողմանի համաձայնություն եւ պայմանագիր, ապա թե՛ վարկառուն, եւ թե՛ վակատուն պարտավոր են տեղյակ լինել նախատեսված կանոններից՝ խուսափելով տարատեսակ քաշքշուկներից։

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է անհրաժեշտ հաշմանդամության կարգ ստանալու համար։ Որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները:

Սմբատ Առաքելյան (52 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայնտում ենք, որ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հետեւյալն են՝
– հաշմանդամության I խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),
– հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),
– հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):
Հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր։

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է 193?836 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում՝ 8171 հաշմանդամ երեխա,1-ին խմբի՝ 11053 կամ 5,7 տոկոսը, 2-րդ խմբի՝ 86886 կամ 44,8 տոկոսը, 3-րդ խմբի՝ 87726 կամ 45,3 տոկոսը։ Ավելացնենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության 6 տոկոսը:




Լրահոս