ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցներում կուսակցությունների հիշատակումների 10%-ը պարունակում է գնահատական այս կամ այն կուսակցության հասցեին: Սրանք նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 8 լրատվամիջոցների (7 հեռուստա եւ 1 ռադիոընկերությունների) մշտադիտարկման արդյունքն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:
Նրա կարծիքով` ԶԼՄ-ներում շատ են գնահատական պարունակող նյութերը. «Լրատվամիջոցներում բոլոր հիշատակումներից 10% պարունակում է գնահատական, ինչը, այլ երկրների համեմատ, բարձր թիվ է: Ռադիոընկերություններից ամենաքիչ գնահատականները հնչեցրել է Հանրային ռադիոն (1.3%), իսկ հեռուստաալիքներից գնահատականներ տալուց փորձել է զերծ մնալ «Երկիր մեդիան»-ն (2.7%): Մշտադիտարկման տվյալներով` ամենաշատը գնահատականներ է հնչեցրել «Շանթ» հեռուստաընկերությունը (28.3%)»:
Բորիս Նավասարդյանը նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք ազդեցություն ունեն լրատվամիջոցների վրա, այդ պատճառով էլ որոշ կուսակցություններ ստանում են առավելություն մյուսների նկատմամբ:
«Ժողովրդական կուսակցությունն «ԱԼՄ»-ի շնորհիվ լայնորեն լուսաբանվում էր, այժմ շատ ցածր ուշադրության է արժանացել: 6 հեռուստաալիքներում  առավելություն ունի ՀՀԿ-ն, մեկական ալիքներում` ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն»,-նշեց Բորիս Նավասարդյանը` ավելացնելով, որ այսուհետ 10 օրը մեկ իրենք լրագրողներին կներկայացնեն իրենց անցկացրած մշտադիտարկման արդյունքները:




Լրահոս