Գյումրու բուժհիմնարկներում վարչապետի հանձնարարականով մի քանի օր շարունակ լայնածավալ ստուգումներ են իրականացվել: Մասնավորապես, ստուգումներ են եղել Գյումրու «Սամարիթեր», Մարզային, Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցներում: Բուժաշխատողները չեն թաքցնում, որ թեեւ այցելությունը կարճատեւ է եղել, սակայն որոշակի լարվածություն եւ տագնապ առաջացել է բուժհաստատություններում: Վարչապետի` Շիրակի մարզ գործուղած հանձնախմբին հատակապես հետաքրքրել է, թե բուժհիմնարկների տնօրեններն ինչ գներով եւ ինչպես են դեղորայք ձեռք բերում, արդյոք սահմանված կարգի համաձայն` խոշոր գնումներ իրականացնելու դեպքում մրցույթներ հայտարարվում են, թե ոչ, կամ արդյոք կնքված գործարքները տեղի են ունենում օրենքի շրջանակներում եւ ողջամիտ գներով: Մարզի առողջապահության վարչությունից հայտնում են, որ ստուգումները բնականոն եւ նորմալ են. կառավարությունը շահագրգիռ է իմանալ` ինչ ուղղությամբ են վատնվում պետական հատկացումները: «Ինչ-որ անակնկալներ չեն եղել: Մարդիկ նորմալ պայմաններ են ստեղծել, բոլոր փաստաթղթերը տրամադրել են: Դրանք ուսումնասիրվել են, եւ ասեմ, որ աղաղակող խախտումներ չեն հայտնաբերվել»,-փոխանցեց ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` հավելելով, որ մայրաքաղաքից նմանատիպ այցերը նաեւ սթափության կոչ են` ուղղված բուժհիմնարկներին. «Ստուգել են նաեւ այն, թե տվյալ պահին ինչպիսին է եղել բուժհիմնարկի սանիտարահիգիենիկ վիճակը, արթունությունը: Մարդիկ հասկացան, որ կարելի է եւ գիշերային ժամին ստուգել հիմնարկը, որպեսզի տեսնեն` կան հերթապահներ, որոնք պարտավոր են իրենց գործն անել»:
Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը մեզ փոխանցեց, որ մայրաքաղաքային հյուրերին հատկապես հետաքրքրել է «Գնումների մասին» օրենքի կիրառումը, ծախսային մասով հիվանդանոցների գործելաոճը: Կոպիտ խախտումներ չեն հայտնաբերել: «Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենցից մի շարք փաստաթղթեր են պահանջել, որոնք եւ ուղարկվել են մայրաքաղաք. «Կարծում եմ` դրանք ուսումնասիրության փուլում են: Դիտողություններ դեռեւս չենք ստացել: Պետք է որ լավ լինի: Նույն խումբը նախորդ տարի եւս եկավ եւ հավաքագրեց 2009-2010թթ. տվյալները, կարծում եմ` հիմա պետք է նախորդ տարիների ցուցանիշները համեմատեն եւ գան եզրահանգման»:
Թեեւ բուժաշխատողները համամիտ են, որ մշտական ուսումնասիրությունները որոշակի զգոնություն են պարտադրում, սակայն միեւնույն ժամանակ դժգոհում են: «Առողջապահությունից բացի, հազար ու մի ոլորտ կա: Թող գնան նաեւ այլ տեղեր ստուգեն եւ հաստատ ավելի լուրջ չարաշահումներ կգտնեն»,-շեշտեց բուժաշխատող Գոհար Սիմոնյանը:
Բուժհիմնարկներում հիմա, կարելի է ասել, իսկապես արտակարգ դրություն է. բավական է միայն նշել, որ գրեթե ամեն օր Գյումրիում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ճիշտ է, նա չի շրջում հիվանդանոցներում. նախարարը ժամանակն անցկացնում է նոր կառուցվող բազմապրոֆիլ հիվանդանոցում:
Գյումրի