Շարժական կլինիկա` ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնին նվիրաբերված շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի բացումը։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: «Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների շրջանում անվճար հիմունքներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլև դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները և այլ հիվանդությունները` պահպանելով կամա¬վորության ու գաղտնիության սկզբունքները: Ապահովելով բժշկական ծառայությունների մատչելիությունը` միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաև խնամքի ժամանակին տրամադրմանը։ Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը` 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։

Դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ՁԻԱՀ-ի, ինչպես նաև այլ վարակների դեմ պայքարը Ռուսաստանի միջազգային հումանիտար համագործակցության մի մասն է կազմում: «Մեր երկիրը նորանոր ջանքեր է գործադրում այլ երկրների հետ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Մենք կարևորում ենք հատկապես ԱՊՀ գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը: Այս ենթատեքստում այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության»,-ընդգծեց դիվանագետը։ Վոլինկինը նաև կարծիք հայտնեց, որ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրն առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր սկիզբ է: Հաջողություն մաղթելով ծրագրին` դեսպանը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին` ցուցաբերած աջակցության համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշեց, որ շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ: Նշվեց, որ Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում: Շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ կտա ծառայությունները տրամադրել ընդհանուր փաթեթի շրջանակում, որը ներառում է վիրուսային հեպատիտների, սեռավարակների, ինչպես նաև գինեկոլոգիական և ուլտրաձայնային հետազոտություններ, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության և այլ հարցերով խորհրդատվություններ: Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր առողջապահական ծրագրի իրականացման գործում կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումն ու ռիսկի գործոնների բացահայտումը:

«Հաշվի առնելով, որ շարժական կլինիկան հագեցած է նաև ախտորոշիչ այլ սարքավորումներով, այն կնպաստի առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Բժշկական-ախտորոշիչ համալիրի գործունեությունը կնպաստի բժշկական ծառայությունների հասանելիությանը և դիմելիության բարձրացմանը»,-ասաց նախարարը: Շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ առողջապահության նախարարություն




Լրահոս