Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, մարմնավաճառ Նաիրա Թարվերդյանը մի «գործնական» խնջույքի ժամանակ «մամա Ռոզա» էր ասել Ելենա Սողոմոնյանի` Փիղ Էլենի հասցեին, ինչն էլ «ռազբորկայի» առիթ էր դարձել: 32-ամյա Փիղ Էլենն իր ընկերուհիներ, մարմնավաճառներ` Պուշոկ մականունով Աննայի, Մաշա մականունով Նունեի եւ մտերիմ ընկերուհի` Կարիճ մականունով Լիլյա Խաչատուրովայի հետ «Պորշ Կայեն տուրբո-4.5» մակնիշի ավտոմեքենայով 2010 թվականի սեպտեմբերի 10-ի գիշերը գնացել էին Նաիրայի հետ հաշիվ մաքրելու: Կիրովաբադցի 29-ամյա Կարիճ Լիլոն զանգով ներքեւ էր կանչել Նաիրային եւ ավտոմեքենայով տարել Էրեբունու ոստիկանության եւ «Ֆլեշ» բենզալցակայանի միջեւ գտնվող «խախանդ» տարածք, որտեղ Նունեն՝ որպես «միջադեպի» վկա, հաստատել էր, որ Նաիրան խնջույքի ընթացքում Փիղ Էլենին` Ելենային, նրա մոսկվացի ծանոթ տղամարդկանց մոտ «մամա Ռոզա» է ասել:
«Հանցանքի հաստատումից» հետո Փիղը նախ մի քանի կոպիտ արտահայտություններ էր հասցեագրել Նաիրային, ապա իր ձեռքի գարեջուրը լցրել վրան ու արդեն դատարկ ապակյա շշով երկու անգամ խփել Նաիրայի գլխին: Հետո Կարիճն ու Փիղն իրենց հետ բերած փայտե մահակներով ծեծել էին Նաիրային հենց մեքենայի մեջ, իսկ նրա կողքին նստած Պուշոկ Աննան թիկունքից բռնել էր ծեծվողի ձեռքերը` զրկելով նրան նաեւ պաշտպանվելու հնարավորությունից: Ու որպեսզի Պուշոկին էլ մեխանիկորեն վնաս չտան, տուժողին իջեցրել էին մեքենայից, տարել մեքենայի հետնամաս ու այնտեղ շարունակել ծեծը` ոչ միայն փայտերով, այլեւ ձեռքերով ու ոտքերով, բայց այս անգամ արդեն չորս հոգով: Այնուհետեւ ծեծված գյուղացի մարմնավաճառին տեղափոխել էին մեքենայի մեջ ու տարել Սասունցի Դավիթ-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկի մոտ. Պուշոկը դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայից հրել գցել էր Նաիրային, հետո Կարիճը մեքենայով շրջադարձ էր արել եւ Փղի դրդմամբ վրաերթի ենթարկել գետնին ընկած Նաիրային` ավտոմեքենայի դիմացի անվադողով անցնելով նրա աջ ոտքի վրայով ու հեռացել: Արդյունքում Նաիրան ստացել էր աջ սրունքի ոսկրերի բաց, բազմաբեկորային կոտրվածքներ ու կորցրել գիտակցությունը: Որոշ ժամանակ անց նրան նկատել էին անցորդներն ու տեղափոխել հիվանդանոց:
Ի դեպ, տոքսիկոքիմիական փորձաքննությունից պարզվել է, որ ե՛ւ տուժող Նաիրայի մազի փորձանմուշի մեջ, ե՛ւ ամբաստանյալների մոտ հայտնաբերվել են մեթիլենդիօքսիմեթամֆետամին (ՄԴՄԱ-էքստազի) թմրամիջոցի թմրալկալոիդներ: Գործը հասել է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը համաներում է կիրառել Նունե Ամիրխանյանի նկատմամբ եւ նրան առաջադրված մեղադրանքի` ՀՀ քր.օր.-ի 118 հոդվածի (ծեծ) մասով կարճել քրգործը: Դատարանը միաժամանակ մեղավոր է ճանաչել Ելենա Սողոմոնյանին վերագրվող երկու մեղադրանքներով` քր.օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը) եւ 38-112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելուն օժանդակելը, որն առաջացրել է որեւէ օրգանի կամ օրգանի որեւէ ֆունկցիայի կորուստ) եւ դատապարտել ազատազրկման յոթ տարի ժամկետով: Լիլյա Խաչատուրովան մեղավոր է ճանաչվել նույն հոդվածներով նախատեսված արարքները կատարելու համար (ոչ թե օժանդակելու) եւ դատապարտվել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով: Աննա Ղազարյանը մեղավոր է ճանաչվել միայն մի խումբ անձանց հետ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու համար (112 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետ) եւ դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով:
Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ամբաստանյալներից Պուշոկը արդարացման դատավճիռ է ակնկալում:
ԵՐԲ «ՌԱԶԲՈՐԿԱՅԻ» Է ԳՆՈՒՄ «ՄԱՄԱ ՌՈԶԱՆ»…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ