ՆԱԽԱՁԵՌՆԵՑ- ԹՈՂԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ իշխանությունները երեքուկես տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո անսպասելիորեն որոշեցին անդամակցել Մաքսային միությանը, հատկապես եվրոպական կառույցների հետ աշխատող հայկական լոբբիստական կազմակերպությունների անդամները մտահոգված նշեցին, որ դրա հետեւանքները շատ չեն ուշանա. առաջիկայում եվրոպացիներն առիթը բաց չեն թողնի ցավեցնելու հայերի վերքերը` հակահայկական քայլեր անելով ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում:

Եվ ահավասիկ. երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված թուրք քաղաքական գործիչ, «Աշխատավորական կուսակցության» նախագահ Դողու Փերինչեքի հայցը եւ համարել, որ 1915թ. Հայոց Ցեղասպանության ժխտումը համապատասխանում է խոսքի ազատության իրավունքի սկզբունքին: Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայում «Էրգենիկոն» ահաբեկչական խմբավորման դավադրությանը մասնակցելու համար ցմահ ազատազրկման դատապարտված այս թուրք գործիչը 2008թ-ին շվեյցարական դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար եւ դատապարտվել 3 ամսվա ազատազրկման, որը, սակայն, դատարանը հետագայում փոխարինել էր տուգանքով:
Երեկ, սակայն, ՄԻԵԴ-ը որոշել է, որ Հայոց Ցեղասպանությունը «մեծ կեղծիք» որակող այս գործչի դատավճիռը կայացնելիս Շվեյցարիայի դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի` խոսքի ազատության վերաբերյալ 10_րդ եւ 7-րդ հոդվածները: Ընդ որում, ամենաուշագրավն այն է, որ իր որոշման մեջ ՄԻԵԴ-ը հղում է կատարել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշմանը, որով Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը համարվել էր ոչ սահմանադրական:
Անշուշտ, Եվրադատարանը համարվում է անկախ մարմին, սակայն, ինչպես հայտնի է, դա միանգամայն հարաբերական հասկացություն է, եւ ՄԻԵԴ-ի կողմից կայացված վճիռներն առաջին անգամը չէ, որ կրում են ինչ-ինչ քաղաքական գործընթացների ազդեցությունը: Այս վճռի բողոքարկման համար հայկական կողմն ունի երեք ամիս ժամանակ, սակայն քիչ հավանական է, որ բողոքարկման արդյունքում որեւէ բան փոխվի, եթե մինչ այդ փոփոխություն չլինի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումներում:
Այս իրավիճակում ամենացավալին այն է, որ հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունների նախաստորագրմամբ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցրած ՀՀ իշխանությունները հիմա էլ եվրոպացիներին հուսախաբ անելու արդյունքում սպառնում են իսպառ ձախողել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված գլոբալ քաղաքական գործընթացը:




Լրահոս