ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի թիվ 40 եւ 41 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուների առաջադրումներ դեռեւս չկան: ՀՀԿ-ն թիվ 40 ընտրատարածքում պաշտպանելու է այդ ընտրատարածքից գործող պատգամավոր, անկուսակցական Միքայել Վարդանյանի թեկնածությունը: Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ այստեղ իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ հայտնի միկրովիրաբույժ, N 1 համալսարանական կլինիկայի տնօրեն Արտավազդ Սահակյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել: «Դեռ ժամանակ կա, առաջադրման համար նախատեսված ժամկետի նախավերջին օրը կասեմ իմ որոշման մասին»,-նշեց Ա.Սահակյանը:  
Թիվ 40 ընտրատարածքը ներառում է Նոյեմբերյան, Այրում քաղաքները, Նոյեմբերյանի տարածաշրջանը, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջանների որոշ գյուղեր: Արտավազդ Սահակյանը ծագումով Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղից է: Նա սերտ կապերի մեջ է Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության հետ, հաճախ է անվճար բժշկական օգնություն ցուցաբերում իր հայրենակիցներին: Ա.Սահակյանը 1995-99թթ. եղել է խորհրդարանի պատգամավոր:
Թիվ 40 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու որոշում դեռ չի կայացրել նաեւ Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը, թեեւ արդեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից վերցրել է  առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը: Վ.Բաբաջանյանը Նոյեմբերյան քաղաքում  տաքսի ծառայություն ունի, նաեւ` Երեւանում զբաղվում է տպագրական բիզնեսով:
Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքը ներառում է Իջեւան, Դիլիջան, Բերդ քաղաքները եւ այդ տարածաշրջանների գյուղերի մի մասը: Թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանն ասաց, որ այդ ընտրատարածքում դեռ առաջադրումներ չեն եղել, սակայն առաջադրման համար փաստաթղթերը վերցնելու համար ընտրատարածքային հանձնաժողով է այցելել մոտ 50 տարեկան մի տղամարդ: Վերջինս հանձնաժողովին չի ներկայացել` ասելով միայն, որ ինքը Բերդի տարածաշրջանից է: Աիդա Սարգսյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ իր ամուսինը` Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանը, այս ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը: Տիկին Աիդան ասաց, որ ամուսինն այժմ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերով է զբաղված: Հանձնաժողովի նախագահի խոսքերով` ամուսնու կողմից թեկնածության առաջադրումն ընտրության օրինականությանը չի խանգարելու:
Չնայած Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել էր, որ ինքը մարտի 12-ին առաջադրելու է իր թեկնածությունը, սակայն ցայսօր չի առաջադրվել: Նա հասցրել է  լրատվամիջոցներով  հայտարարել, որ միայն իր դիակի վրայով որեւէ մեկը կարող է  այս ընտրատարածքում պատգամավոր դառնալ: Այստեղ իր վերընտրվելու մտադրության մասին է հայտարարել սույն ընտրատարածքից գործող պատգամավոր, «Երեւանի գարեջուր» ՓԲԸ խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով,  լինելով անկուսակցական, օրերս դիմել է ՀՀԿ-ին` անդամագրվելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս