Մեր հարցազրույցի առաջին հատվածում Ալբերտ Սաֆարյանին բացահայտեցինք որպես դերասան, հիմա կպարզենք, թե ինչպիսի քաղաքացի է նա եւ ինչ վերաբերմունք ունի քաղաքական դաշտի նկատմամբ:
-Քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք:
-Բացարձակ չեմ հետաքրքրվում, ինֆորմացիաս այնքան է, ինչքան հեռուստատեսությունից լսում եմ, մեկ-մեկ էլ կարդում եմ, բայց ոչ համակարգչով, այդպես էլ չսիրեցի համակարգչով ինչ-որ բան ընթերցել:
-Ո՞ր նորություններն են Ձեզ մոտ զարմանք առաջացնում:
-Այլեւս ոչինչ չի զարմացնում: Հիմա կասեք` աշխարհի դարդն ու ցավը քեզ են տվել: Ինձ չեն տվել, բայց նեղվում եմ, երբ կարդում եմ, թե ինչ պատերազմական իրադարձություններ են տեղի ունենում աշխարհում: Այն, ինչ կատարվում է մեր երկրում, մի տեսակ թաքուն է: Մենք տեղյակ ենք այնքանով, որքանով լսում ենք, բայց տարբերությունն այն է, որ թերթերը գրում են մի բան, հեռուստատեսությունն ասում է մեկ այլ բան, կայքերն էլ 3-րդ բանն են մատուցում: Հիմա ես ո՞ւմ հավատամ: Երեքն էլ ազնիվ, իրենց իմացած ու ճշգրտված աղբյուրներից են գրում: Ինֆորմացիան խեղաթյուրված է: Վերջին դեպքերը քեզ օրինակ` կապված այդ լրագրող Հայկ Գեւորգյանի հետ: Ես ուզում էի իմանալ ճշմարտությունը: Այդ մարդը գցել փախե՞լ է, գցել օգնությո՞ւն է ցուցաբերել, թե՞ այդ մարդն ընդհանրապես այդտեղ չի էլ եղել: Հիմա այս երեք տեղեկությունից որն էր հավաստի` ես այդպես էլ չհասկացա:
-Հուսով եմ` գիտեք, որ մայիսին ԱԺ ընտրություններ են, ո՞ւմ եք ընտրելու: Ինքներդ որեւէ կուսակցության անդա՞մ եք:
-Ո՛չ, ու երբեւիցե չեմ էլ եղել: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ կոմսոմոլ չեմ եղել, պրինցիպիալ չեմ եղել: 7-8-րդ դասարանում գաղտնի գրականություն էի կարդում: Ի դեպ, լավագույն աշակերտներից մեկն էի ու գիտեի, որ 9-րդ դասարանում պետք է վզկապս հանեի ու կոմսոմոլ դառնայի: Չգիտեի` ինչ անեի, որ ինձ չտային այդ տոմսը: Նրանց գաղափարներն ինձ բացարձակ մոտ չէին: Ինչեւէ, մինչ ես մտածում էի` ինչ անել այդ ամենից խուսափելու համար, ամեն ինչ ստացվեց շատ պատահական: Դասարանի տղաներով ընդմիջման ժամանակ 5 կոպեկով կարտ էինք խաղում, կոպիտ ասած` ղումար, մեկ էլ այդ պահին մեր դասղեկը, որը նաեւ դպրոցի ուսմասվարն էր, մեզ բռնացրեց ու ասաց. «Քեզ ներկայացնում էինք կոմսոմոլի շարքերին, բայց մենք քեզ կհեռացնենք այս տեսակ պահվածքի համար»: Դասարանում ամենաաշխույժն էի, ու այդ միջադեպը ջարդվեց վրաս: Ձեւական գլուխս կախեցի` իբր լաց եմ լինում, բայց մտքումս ահավոր ուրախ էի, վզկապս էլ այդ օրը հանեցին: Ես այդպես էլ կոմերիտական չդարձա:
Չեմ թաքցնում իմ սերը Դաշնակցության նկատմամբ, նույնիսկ այն տարիներին, երբ վզկապս հանեցին: Բայց դա էլ հաշվի առնելով` ես դաշնակցական չեմ ու որեւէ կուսակցության անդամ չեմ:
-Այս խոսքերից հետո երեւի թե պարզ է` ում եք ընտրելու:
-Բարդ է, բայց հավանաբար Դաշնակցությանը:
-Ընտրություններից առաջ ով ինչքան ու ինչպես կարողանում է` իր կողմն է քաշում հայտնի մարդկանց: Երբեք որեւէ թեկնածուի քարոզարշավում «գործիք» չե՞ք եղել:
-Երբեք, ու չեմ էլ լինի: Սա միակ բանն է, որ կարող եմ ասել` երբեք: Ես այն «չփչացած» դերասաններից եմ, որ, կոպիտ ասած, կեղտ չեն գտնում վրաս: Ոչ այն պատճառով, որ մաքուր եմ գործում, այլ որ բաց ու պարզ եմ գործում, մաքուր աչքերով նայելով բոլորին` ասում եմ ճշմարտությունը:
-Կսպասենք ընտրություններին…
-Ասում են` մի՛ ասա երբեք, բայց սա այն դեպքն է, երբ ես հաստատ կարող եմ ասել` երբեք: Անկախ ամեն ինչից, ընտրություններին ես միշտ գնում եմ, սխալ է չգնալը: Գնա՛, բոլորին ջնջի՛, բայց մի՛ թող, որ քո ձայնն ուրիշն օգտագործի: Եթե դու ապրում ես այս երկրում, ու քեզ մտահոգում է քո վաղվա օրը, պետք է կատարես պարտքդ: Նախքան ընտրության գնալն էլ լսի՛ բոլորին, կշռադատի՛, տե՛ս` ով ինչ է խոստանում, որ հետո էլ բողոքելու տեղ ունենաս, ասես` բա դու էս բաները խոստանո՞ւմ էիր:
-Այս հարցը կեսկատակ-կեսլուրջ եմ տալիս: Ի՞նչ կանեիք, եթե լինեիք ՀՀ նախագահ:
-Աստված մի արասցե: Դա մեծ, շատ մեծ լուծ է մի ամբողջ երկրի, որ դրվում է վզիդ: Ես իմ ազնվությամբ, չեմ ուզում ասել, որ այնտեղ մարդիկ անազնիվ են, բայց իմ ազնվությամբ հաստատ չէի կարողանա: Իսկ եթե այնուամենայնիվ լինեի, բնականաբար կուզեի ստեղծել մի ոստան երկիր, ուր բոլոր հայերը կցանկանային հետ գալ:
«ՈՐԵՎԷ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ