Սպիտակցիներն այսօր տոնում են իրենց օրը:
Լոռվա մարզի Սպիտակ քաղաքի (նախկինում` Համամլու) անվանումը կապված է քաղաքի շրջակայքում եղած կրաքարի հանքերի հետ։
Արդեն ավանդույթ դարձած տոնակատարությանը մասնակցում էր Սպիտակի բնակչության հոծ զանգված:
Իր շնորհավորական ուղերձում Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը դիմեց քաղաքի բոլոր բնակիչներին, անկախ նրանց գտնվելու վայրից` ցանկանալով բոլորին խաղաղություն, երջանկություն և հաջողություններ:
«Մեզնից յուրաքանչյուրը լավ գիտակցում և հասկանում է, որ վերածնված Սպիտակը սոսկ բնակավայր կամ աշխարհագրական հասկացություն չէ. այսօրվա Սպիտակը մարդասիրության, միջազգային համագործակցության, համերաշխության, մեր հող ու ջրի նկատմամբ նվիրվածության, մեր ժողովրդի` աղետներին դիմակայելու անընկճելի կամքի խորհրդանիշ է:
Այսօր մենք ունենք բազում չլուծված խնդիրներ, որոնց մասին դուք բոլորդ լավ գիտեք: Դրանք մենք պետք է լուծենք միասին, համախումբ, ձեռք-ձեռքի տված, առանց վարանելու, ապագա սերունդների նկատմամբ պարտքի զգացումով»,- իր բարեմաղթանքներն է հղել քաղաքապետը` հավելելով, որ Սպիտակի տոնը նաև հարգանքի տուրք է երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Սպիտակը մի տարածք է, որին բաժին ընկավ 1988-ի դաժան երկրաշարժի ամենաահարկու հարվածը… 1988 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 11 անց 41 րոպե, ստորգետնյա ահռելի ուժերը խորքից ցնցեցին Հայոց հինավուրց հողը… Հաշված վայրկյաններում արդյունաբերական ծաղկուն քաղաքն ավերակների կույտի վերածվեց, զոհվեց 4003 մարդ… Սահմռկեցուցիչ ողբերգությունը ընդհատեց գողտրիկ բնակավայրի տարեգրությունը…
Տարերային աղետից հետո սպիտակցին կարողացավ իր մեջ ուժ գտնել, կարողացավ տանել անտանելի ցավը, կամաց-կամաց շտկեց մեջքը, համայն մարդկության գթասրտության և օգնության դրսևորումից հետզհետե ամրապնդեց ապրելու և արարելու հուսալքված հավատը, արժանին մատուցելով իր բյուրավոր նահատակների սրբազան հիշատակին, սկսեց կերտել երկրի երեսից ջնջված իր ոստանի հետերկրաշարժյան տարեգրությունը։