ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է

Քանի որ այս օրերին շատ գործարարներ փորձում են խաղալիք ու դիմահարդարման պարագաներ ներմուծել ՀՀ՝ Ամանորի նախաշեմին վաճառելու համար, էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը լուրջ ուսումնասիրություններ է սկսել իրականացնել կոսմետիկայի եւ խաղալիքի շուկայում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանից: «Ինչ վերաբերում է սպառողին, մեր վերահսկողության տակ է: Այսինքն՝ այն, ինչը վերաբերում է մարդու կյանքին եւ առողջությանը: Աստված հեռու պահի, եթե կոսմետիկան վնաս պատճառի մարդուն, մենք կարող ենք արձագանքել եւ վտանգավոր կոսմետիկան, խաղալիքը շուկայից հանել կամ արգելել վաճառքը»,-ներկայացրեց Խալիկյանը: Նա նաեւ հորդորեց սպառողներին դիմահարդարման պարագաներ եւ խաղալիք գնել միայն մասնագիտացված խանութներից:

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

Արդեն երկու օր է, ինչ «Ժողովուրդ»-ի լրագրողը նկատում է, թե ինչպես են որոշ երիտասարդներ երթուղայիններում ստուգումներ իրականացնում: Նրանք առավոտյան՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապա երեկոյան նստում են թիվ 57 համարի երթուղայինը եւ իրենց ձեռքում գտնվող թերթիկի վրա ֆիքսում, թե քանի մարդ է նստում երթուղային տաքսի, քանիսը՝ իջնում: Լրագրողը նկատել է, որ թերթիկների վրա նշվում է, թե արդյոք երթուղայինի վարորդը սահմանված կանգառում է կանգնում է, թե կանգառից դուրս, եւ, առհասարակ, որքան մարդ կա երթուղայինում կանգնած, եւ որքանն են նստած:
Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց երիտասարդներից հետաքրքրվել, թե ինչ նպատակ է հետապնդում այդ ստուգումը եւ ում կողմից է իրականացվում, նրանք հրաժարվեցին պատասխանել. «Մի կազմակերպություն է այն իրականացնում, բայց չենք կարող ասել, թե որն է»: Նշենք, որ 57 համարի երթուղայինի ուղղությունը սկսվում է Աջափնյակ վարչական շրջանից եւ ավարտվում «Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ:

 

 

ԶՈՐՔՈՎ

Կուտակային կենսաթոշակների դեմ երեկվա երթի մասնակիցների եւ ուղեկցողների բազմազանության մեջ ամենաուշագրավը ԵՊՀ-ի ախալքալաքցի «ուսումնատենչ» ուսանողներն էին, որոնք ժամանակին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հովանու ներքո ակտիվ պայքար էին մղում դասադուլ հայտարարած երիտասարդների դեմ՝ պաշտպանելով դասի նստելու իրենց իրավունքը: Ի դեպ, ախալքալաքցիների «զորքը» քառակուսի դիմագծերով հայտնի երիտասարդի գլխավորությամբ երթին մասնակցում էր կողքից՝ ուղեկցողի, դիտորդի կարգավիճակով: Հետաքրքիր է՝ Արամ Սիմոնյանը տեղյա՞կ էր, թե իր սիրելի ուսանողներն ինչով են զբաղվում, եթե, իհարկե, «ուսումնատենչ» երիտասարդներն այնտեղ գործուղված չէին հատուկ առաքելությամբ:




Լրահոս