Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) եւ ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի «հեռակա» վիճաբանությունը երեկ հասավ իր գագաթնակետին: ՍԴՀԿ-ն հաղորդագրություն տարածեց` հայտարարելով, թե իրենք «քաղաքական դիակներին չեն անդրադառնում»:
Հիշեցնենք, որ վերջերս ՍԴՀԿ-ի նոր ատենապետ ընտրվեց ՀՀ վարչապետի նախկին օգնական Նարեկ Գալստյանը, որն իր ատենապետության առաջին իսկ օրվանից սկսեց ագրեսիվ հայտարարություններ անել Լ. Սարգսյանի հասցեին: Նա, լինելով ՍԴՀԿ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «ներկայացուցիչը», կառավարությունից իր հետ բերած համարձակությունը փորձում է թելադրել քաղաքական դաշտում:
Բնականաբար, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը շարունակում է ընդվզել՝ հայտարարելով, որ, ցավոք, 125-ամյա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը չդիմացավ գայթակղությանը եւ վաճառվեց իշխանություններին: «Առավոտ»-ի հետ զրույցում Լ. Սարգսյանը նշել էր, թե դեռ մեկ տարի առաջ է տեղյակ եղել, որ ՍԴՀԿ-ն «վարչապետի պրոյեկտն» է. «Որեւէ մեկը չի կասկածում, որ դա պրոյեկտ է, որն իրականացրել է Տիգրան Սարգսյանը: Այսօր ՍԴՀԿ-ն կամովին գերեվարվել է Տիգրան Սարգսյանի կողմից եւ այսուհետեւ օգտագործվելու է կոնկրետ նպատակներով»: Պատգամավորը հավելել էր, որ իրենք չեն պարտվել, այլ պատվով դուրս են եկել իրավիճակից. «Ես չորս տարի պայքարել եմ կուսակցության պահպանման համար, բայց, դժբախտաբար, ապրում ենք մի երկրում, որտեղ արդարություն չի իրականացվում»:
Ի պատասխան այս խոսքերի՝ ՍԴՀԿ մամլո դիվանի պատասխանատու Արթուր Ղահրամանյանը երեկ հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ գործընկերներ, ի պատասխան այսօր հնչեցրած բազմաթիվ հարցադրումներին, որոնք վերաբերում էին ՍԴՀԿ-ից վաղուց վտարված Լյուդմիլա Սարգսյանի հայտարարություններին, ցանկանում եմ նշել, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը քաղաքական դիակներով չի զբաղվում եւ սույն տիկնոջ հետ կապված որեւիցե հայտարարություն չի մեկնաբանում՝ ելնելով ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության վարչության որոշումներից»:
Երեկ փորձեցինք այս առիթով զրուցել ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչու է իր երբեմնի կուսակցապետին համարում քաղաքական դիակ, սակայն Նարեկն ասաց, թե ինքը Լ. Սարգսյանի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի ցանկանում անել:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ