ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայկական ռադիոյի FM 101.6  ալիքով շուրջօրյա դասական երաժշտություն է հնչում: Աշխատանքի ժամերին այն հանգստացնում է նյարդերը, չի ընդհատվում գովազդով: Բայց երաժշտական ընտրանիում չկան հայ կատարողներ: Տիգրան Լեւոնյանի մահից հետո նրա կատարումները վերացան, ինչպես վերացավ տրամվայը Երեւանից: Չեն լսվում Տաթեւիկ Սազանդարյանի, Արշավիր Կարապետյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի, Արմենակ Շահմուրադյանի, Հայկանուշ Դանիելյանի, Ավագ Պետրոսյանի եւ էլի շատ-շատերի կատարումները: Չեն հնչում Ռոմանոս Մելիքյանի, Ալ. Սպենդիարյանի ռոմանսները: Իսկ Գոհար Գասպարյանի երգացանկից տարվա ընթացքում հազիվ 1-2 կատարում հնչի: Ինչպե՞ս հասկանալ այս խտրականությունը:

Սահակ Սահակյան, 40 տարեկան, ինժեներ


ՊԱՏԱՍԽԱՆ. Մեզ մոտ երբեք չեն էլ եղել Հայկանուշ Դանիելյանի, Ավագ Պետրոսյանի, Արմենակ Շահմուրադյանի, Արշավիր Կարապետյանի կատարումները, քանի որ Հայաստանում ոչ ոք չունի նրանց ձայնագրություններն այն որակով, որ հնարավոր լինի հեռարձակել: Եղածն էլ ռադիոյի պետական ֆոնդն է, որը մեզ հասու չէ: Մենք օգտագործում ենք այն ֆոնդը, որը մեզ տրամադրում են առանձին երաժիշտ կոմպոզիտորներ: Ինչ վերաբերվում է Գոհար Գասպարյանին, ապա ասեմ, որ նրա կատարումները պարբերաբար հնչում են մեր եթերում: Տիգրան Լեւոնյանի կատարումներով մենք ունենք «Անուշ» օպերայից հատվածներ, որը ժամանակ առ ժամանակ հեռարձակվում է մեր եթերում: Եթե կան մարդիք, որոնք ունեն բարձր որակի այլ ձայնագրություններ, ապա կարող են բերել, եւ մենք կհնչեցնենք մեր եթերում: Տաթեւիկ Սազանդարյանի կատարումներից ունենք, եւ հեռարձակվում է, իսկ Արմենակ Աբրահամյանից կա մեկ կատարում, որը նույնպես լինում է եթերում: Կողմնապահություն չկա, այն, ինչը կա, հնչեցրել ենք եւ շարունակում ենք հնչեցնել:

Հայկական ռադիոյի FM 101.6-ի երաժշտական
խմբագիր Օլյա Նուրիջանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կցանկանայինք` մեր հրապարակումն առիթ դառնար, որպեսզի բոլոր այն մարդիկ, որոնք նշված կատարողների ստեղծագործությունների որակյալ ձայնագրություններն ունեն, տրամադրեն նշված ռադիոկայանին:




Լրահոս