«ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԴԱ ՇԱՏ ԽԻՍՏ Է ԴՐՎԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընդունել էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Խոսելով Հայաստանում դատախազության համակարգի բարեփոխումների մասին՝ Գ. Կոստանյանն առանձնացրել էր երկու ուղղություն՝ նշելով, որ իր ուշադրության կենտրոնում են լինելու անպատժելիության մթնոլորտի իսպառ բացառումը եւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը:

Դեսպանի խնդրանքով Գ. Կոստանյանն անդրադարձել էր նաեւ սույն թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին՝ ներկայացնելով ինչպես գործող քրեական օրենսդրության պահանջները, այնպես էլ նախաքննական մարմնի եւ պաշտպանական կողմի իրավական գնահատականները: Երեկ Ջոն Հեֆերնը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հետաքրքրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով, Aravot.am-ի հետ զրույցում ասել է. «Իմ հետաքրքրվածությունը դիտորդի հետաքրքրվածություն է եղել»: Ջ. Հեֆերնը նշել է նաեւ, որ այդ դեպքով հետաքրքրված է միջազգային հանրությունը. «Դատախազը ներկայացրեց իրավիճակը, օգտակար հանդիպում էր: Այդ գործի մանրամասներին չեմ ցանկանում հիմա անդրադառնալ, ուղղակի միջազգային հանրության հետաքրքրվածությունն այն է, որ հավասար պատասխանատվության ենթարկվեն բոլորը: Այդ սկզբունքի շուրջ էր մեր զրույցը»:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն, այժմ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն է հետաքրքրվում հունիսի 1-ին Ձեր առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքերով: ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:
-Իսկ ինչո՞ւ պետք է այդ հարցն ինձ անհանգստացնի, ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ: Դա որ Ամերիկայում լիներ, մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի… Ամերիկայում դա շատ խիստ է դրված, էլի՛: Ամերիկայում գնալ մարդու տուն ու նման բան անել… այնտեղ այդ հարցը շատ խիստ է դրված: Դեսպանն այդքան բանը շատ լավ գիտի, թող իրենց օրենքներն ուսումնասիրի, հետո նոր այլ ուսումնասիրություններ կատարի:
-Այսինքն՝ Ձեզ ամենեւին չի՞ մտահոգում այն, որ ԱՄՆ դեսպանն այժմ հետաքրքրվում է Ձեր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասներով եւ ամեն կերպ փորձում պարզել, թե, ի վերջո, այդ գործն ինչ հանգուցալուծում է ունենալու:
-Չէ՛, ես արդեն նշեցի, որ Ամերիկայում օրենքով դա այլ ձեւով է լինում: Չգիտեմ, թե հիմա ինչ են ուզում, ինչու են խոսում, ինչու են քննադատում, մենք այդ թեմային 100 անգամ անդրադարձել ենք, խոսել ենք, ու չեմ կարծում, որ որեւէ բան կա այդ ամենի հետ կապված ասելու: Իսկ իմ որդին ի՞նչ է արել, ընդամենը իր ընտանիքին է պաշտպանել: Տա Աստված, որ բոլորի որդիները կարողանան էսպես իրենց ընտանիքը պաշտպանել:
-Բայց Բուդաղյանները հայտարարել են, որ մինչեւ վերջ գնալու են, ու դա ինքնապաշտպանություն չի եղել, ինչպես որ հայտարարվել է: Իրենք չեն ներել Ձեզ...
-Բայց մի հատ դեռ պետք է տեսնենք՝ ես իրենց ներելու եմ, թե չէ: Կարծում եք՝ մենք կորուստ չե՞նք ունեցել, մերն էլ ահավոր կորուստ դարձավ: Ես այժմ չեմ ցանկանում որեւէ բան խոսել: Այսքանը, ես այլ տեղեկություն չունեմ:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի հետ:
-Պարո՛ն Բուդաղյան, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն անձամբ հետաքրքրվել է Ձեր որդու սպանության գործով ու նշել, որ այն հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը
-Ես տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց մի բան գիտեմ` ես մինչեւ վերջ գնալու եմ:
-Ս. Խաչատրյանը նշում է, որ իր որդին ընդամենը պաշտպանել է իր ընտանիքի անդամներին, ու եթե դա լիներ ԱՄՆ-ի օրենքներով…
-Ինչի՞ց է պաշտպանել, եթե առաջինն ինքն է կրակել: Մերոնք չեն կրակել, ո՞նց կարող է նա պաշտպանված լինի, իրենք ի՞նչ էին անում: Եթե կադրերը նայեք, ամեն ինչ պարզ կա:
-Նշեցիք, որ մինչեւ վերջ գնալու եք, Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
-Դե հաջորդն այն է, որ եթե այստեղի դատարանն էլ հարցը չլուծի, մինչեւ Եվրադատարան էլ գնալու եմ, այդ հարցը պետք է լուծում ստանա:
-Այդ դեպքից հետո Ս. Խաչատրյանի հետ հանդիպե՞լ եք:
-Նա ռիսկ կանի՞, որ ինձ հետ հանդիպի, նա ո՞վ է, որ ես իրեն ընդունեմ կամ չընդունեմ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս