Ադրբեջանական կայքերը շարունակում են ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից ձերբակալված ադրբեջանցիներին ներկայացնել սովորական բնակիչներ:
Հիշեցնենք, որ մի քանի օրվա ընթացքում սպանվել է մեկ ադրբեջանցի դիվերսանտ, ձերբակալվել՝ երկուսը: ՊԲ-ն նաև լուսանկարներ և տեսանյութ էր հրապարակել, որտեղ հստակ երևում է նրանց մոտ առկա զենքերը:
Դիվերսանտները նաև նկարել էին իրենք իրենց, և այդ տեսանյութը նույնպես հրապարակված էր:
Սակայն դա չի խանգարում ադրբեջանական կայքերին տարածել ապատեղեկատվություն նրանց մասին: Ըստ contact.az կայքի հրապարակման` Գուլիեվ Շախբազը և Ասկերով Դիլգամն ուղղակի Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր նախկինում ապրել են հենց Քարվաճառի շրջանում:
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը` Դիլգամ Ասկերովը, ծնունդով Քարվաճառի շրջանի Շապլար գյուղից էր: Կայքում տեղեկատվություն կա, թե նրան ճանաչել են համագյուղացիները:
Կայքում նաև մեջբերված է դիվերսանտների խոսակցությունից մի հատված:
«Այսօր մենք նշում ենք իմ ծնունդը Քարվաճառի այս գյուղում, որտեղ ես ծնվել եմ: Մենք բռնել, մորթում ենք այծին և նրանից խորոված ենք սարքում: Մեր մարդիկ միշտ նման կերպ էին խորոված սարքում: Նաև մեզ հետ է մեր երրորդ ընկերը՝ Ջաբրահիլից, որին մենք նույնպես կսովորացնենք: Թող մեր զինվորականները «գլուխ չհարդուկեն» թե այստեղ գալը վտանգավոր է: Այստեղ անվտանգ է և շուրջը շատ ուտելիք կա, նաև մենք վերցրել ենք օղի»:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդարացնում են իրենց դիվերսանտներին և կարծիք հայտնում, թե հայկական կողմն այդպես է ներկայացնում իրենց քաղաքացիներին, որպեսզի արդարացնի իրենց անուշադրությունը և տարածքում թշնամի երկրի քաղաքացիների հայտնվելը:
Նշվում է նաև, թե Քարվաճառի նախկին բնակիչները պարբերաբար անցնում են սահմանը և զբոսնում հայրենի վայրերում: