ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս բացահայտված հայաստանյան գազային սկանդալը նոր թափ է ստանում. երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ ի հայտ եկան հերթական աղմկահարույց փաստերը:

Մինչեւ ԱԺ արտահերթ նիստ գումարելը, խորհրդարանում երեկ լսումներ էին կազմակերպվել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ Հայաստան գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության, բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի, ինչպես նաեւ «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրերի կապակցությամբ: Եւ սա առիթ էր, որպեսզի ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորներն իրենց հարցերով «պատին սեղմեին» ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Արդյունքում` նա մի քանի աղմկահարույց խոստովանություն արեց:
Պարզվում է` գազի սակագնի բարձրացման մասին ՌԴ-ն ՀՀ կառավարության հետ բանակցություններ վարել է 2010թ. երկրորդ կեսից սկսած: Միայն թե, մի կողմից ՌԴ կառավարությունը բանակցություններ է վարել, մյուս կողմից, այնուամենայնիվ, թանկացրել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Սա, թերեւս, խոսում է այն մասին, որ ՌԴ կառավարությունը ՀՀ իշխանություններին չի մոտեցել որպես հավասար գործընկերոջ, այլապես, տարրական տրամաբանությունը հուշում է, որ ՌԴ-ն պետք է մինչեւ բանակցությունների ավարտն եւ հայկական կողմի հետ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումն անփոփոխ թողներ սակագինը` սառեցնելով քննարկվող խնդիրը:
Հաջորդ աղմկահարույց փաստը վերաբերում էր արդեն գազի սակագնի բարձրացման հետեւանքով գոյացած պարտքին: Ինչպես հայտնի է, այս տարիներին գազի սակագնի փոփոխության մասին պաշտոնապես հայտարարվել է 2 անգամ, սակայն իրականում Հայաստանի սահմանին գազի գինը ռուսական կողմը բարձրացրել է մի քանի անգամ: Բայց քանի որ այդ տեղեկությունները ոչ միայն գաղտնի են պահվել, այլեւ երկրի ներսում գազի սակագինը մնացել է անփոփոխ, կուտակվել է 300 մլն դոլարի պարտք: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի մեղադրանքներին ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանը ապշեցուցիչ պատասխան տվեց. «Քանի որ որոշում կայացվեց, որ շարունակվում են բանակցությունները, գործում էր 180 դոլար, մինչեւ տեսնեինք, թե ինչ արդյունք են տալիս բանակցությունները, եւ այդ ժամանակ ԱԺ ներկայացնելու խնդիր չկար: …Այո՛, մենք շատ լավ գիտեինք, որ ինչ-որ բան պետք է առաջանար, թե ինչ պետք է առաջանար, մինչեւ բանակցությունների ավարտը ոչ ոք չէր կարող ասել: Առաջացավ 300 մլն դոլար պարտքը… Այս ընթացքում բյուջեի, կառավարության վրա ձեւակերպված պարտավորություն չի եղել: Հիմա է երեւում, հիմա էլ ներկայացրել ենք»: Ասել է թե՝ իշխանությունները միայն վերջերս են իմացել, որ գազի սակագնի տարբերությունն այսքան տարի չվճարելու հետեւանքով առաջացած պարտքը 300 մլն դոլար է: Ավելին, երեկ պարզվեց, որ 300 մլն դոլարը ոչ թե ՀՀ-ի, այլ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի պարտքն է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Այսինքն` «Հայռուսգազարդ»-ը գազը գնել է թանկ, բայց վաճառել էժան` շալակելով 300 մլն դոլարը: Երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Գուրգեն Արսենյանն էլ հետաքրքրվեց` ինչու պետք է ՀՀ կառավարությունը վճարի մասնավոր ընկերության պարտքը, լավագույն դեպքում` ՀՀ կառավարությունը, լինելով «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոսի բաժնետեր, պատասխանատվություն է կրում պարտքի 20 տոկոսի համար: «Պարտքը երկու ընկերությունների միջեւ է, բայց ՀՀ կառավարության պատճառով է գոյացել պարտքը: Կառավարությունն է «Հայռուսգազարդ»-ից խնդրել չբարձրացնել բնակչության համար գազի գինը մինչեւ բանակցությունների ավարտը,-հայտարարեց Արմեն Մովսիսյանը եւ որպես իրենց ամենամեծ ձեռքբերում՝ հավելեց,-փաստը մնում է փաստ, որ սպառողը մեծ գին չի վճարել»: ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացուցիչները միակարծիք են` գազի սակագնի բարձրացումն իշխանությունները գաղտնի են պահել ՀՀ-ում այն ժամանակ սպասվող համապետական ընտրությունների պատճառով, որպեսզի այդպես չհարուցեին ժողովրդի դժգոհությունը:
Եւ վերջապես, ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի քաղաքական բաղադրիչի մասին խոսելիս մեջբերեց այն դրույթը, որ համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել եւ երաշխավորել, որ մինչեւ 2043 թվականը որեւէ օրենք, նորմատիվ եւ իրավական ակտեր չեն ընդունվի, որը չեղյալ կհամարի սույն համաձայնագիրը: Ավելին, այդ պայմանագրով կառավարությունը նաեւ պարտավորվել է մինչեւ 2044թ. գազ գնել միայն ռուսական «Գազպրոմ»-ից: Ալեքսանդր Արզումանյանն այս դրույթները որակեց որպես «կապիտուլյացիայի մասին ակտ»: «Սա ապտակ է ԱԺ-ին: Սա չլսված բան է, աշխարհում, այլ երկրում չեմ տեսել նման բան: Մեկը կարդացե՞լ է սա, թե՞ միայն թարգմանիչն է բերել»,-ասաց նա: Արմեն Մովսիսյանն առարկեց, թե պայմանագիրը քննարկվել ու կազմվել է 1 տարվա ընթացքում, ու զարմացավ` ինչպես կարող է Արզումանյանը 1 ժամում ծանոթանալ դրան: «Ի՞նչ է` մենք էլ մեկ տարի պիտի դա կարդանք, որ հասկանա՞նք»,- տեղից առարկեց Նիկոլ Փաշինյանը:
Այս ամենից հետո երեկ Գուրգեն Արսենյանը Մովսիսյանին զգուշացրեց. «Եկել է մի կառավարություն, որի փիլիսոփայության մեջ է մտնում մի գործիքի կիրառումը, որը կոչվում է պարտքով վարկ փակել: Ձեր գործունեությունը, պարո՛ն նախարար, ես հարգում եմ, բայց զգո՛ւյշ եղեք այս կառավարությունից, Ձեր գլուխն ուտելու ա էս կառավարությունը»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կատարվածը որակեց պետականորեն կազմակերպված հանցանք, որի համար իշխանությունները պետք է հրաժարական ներկայացնեն: «Դուք ասում եք, որ ամենակարեւորը բանակցությունների արդունքն է, արդյունքը հետեւյալն է` բնակչության համար 30 տոկոսով թանկացել է գազը, կորցրել ենք մեր 20 տոկոսանոց մասնաբաժինը, խախտվել է Սահմանադրությունը, շրջանցվել է Ազգային ժողովը, եւ կատարվել է լրջագույն հանցագործություն, որը լրջորեն վնասում է կառավարության ու պետության վարկը»,-ասաց նա: Իսկ ԲՀԿ-ական Վահան Բաբայանն առաջարկեց Մովսիսյանին հրաժարական ներկայացնել. «Միջազգային քաղաքական պրակտիկայի համաձայն, եթե բանակցող կողմերը համաձայնության չեն գալիս, տվյալ կառավարությունը հրաժարական է տալիս»: «Դա Ձեր կարծիքն է: Բանակցությունները լավ էլ արդյունավետ են եղել, եւ ես հրաժարական չեմ տա»,-սկսեց ինքն իրեն գովել Արմեն Մովսիսյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս