«Արա՛, լավ էլի, էթիկայի զգացում ունե՞ք, մի քիչ էթիկայի զգացում ունեցե՛ք, հիվանդ մարդուն զանգել հարցեր եք տալիս, որ ի՞նչ»:
Մանվել Բադեյան «Հրապարակ»
Էթիկայի զգացում+արա=Մանվել Բադեյանի խոսելաձեւ. ահա եւ բանաձեւը: Յուրահատուկ է, ինչպես եւ ինքը՝ Բադեյանը, քանի որ միայն ինքը կարող էր նման արտահայտություններ անել, խոսել էթիկայի զգացումից «արա»-ով: Սա իսկապես որ մրցակցության լուրջ հայտ է Գալուստ Սահակյանին` անհեթեթություններ երկնելու ոլորտում: Բադեյանն այս արվեստի մեջ իր կողմից նորարարություններ է ներմուծում` մտնելով «հիվանդ մարդու» կերպարի մեջ. ի՞նչ կապ ունի հիվանդ լինելը: Կամ, ասենք, զանգահարողը որտեղի՞ց կարող էր գուշակել, որ ՀՀԿ-ական պատգամավորն այդ պահին հիվանդ է:
«Որոշ մեքենաների մոտ անվադողերի խնդիր կա, որոշ դեպքերում էլ վարորդների կարիք ունենք, որոնք չկան»:
Հենրիկ Նավասարդյան 1in.am
Գծատերը, որը ձեռքի հետ նաեւ Երեւանի քաղաքապետարանում տրանսպորտի վարչության պետ է աշխատում, բնականաբար, միշտ ունի եւ կունենա «հերթապահ» արտահայտություններ եւ արդարացումներ, թե ինչու է Երեւանում երթուղայինների աշխատանքի որակն օրեցօր վատանում խոստացված բարելավման փոխարեն: Խնդիրն իրականում բոլորիս էլ պարզ է. գծատեր Նավասարդյանի սիրտը գերշահույթ է ուզում, տրանսպորտի թանկացում է ուզում, իսկ երբ չի ստանում, սկսվում է ավանդական լացը, թե փող չունենք, անվադողեր չունենք, վարորդներ չունենք: Ամեն ինչ էլ ունեն՝ բացի մի փոքր էլ ժողովրդի մասին մտածելու կարողությունից:
«Կալանքը որպես խափանման միջոց կկիրառվի միայն վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլեւս կիրառելի չեն լինի»:
Հրայր Թովմասյան emedia.am
Տնային կալանքի, վարչական հսկողության` խափանման միջոցները ՀՀ-ում կիրառելը, անշուշտ, շատ ձեռնտու կլինի իշխանություններին, քանի որ արդեն առավել հեշտ, պարզ ու թափանցիկ ձեւով իրենց սիրելի քրեաօլիգարխներն ու նրանց որդիները նույնիսկ մարդ սպանելու դեպքում էլ կարող են խուսափել կալանքից` սահմանափակվելով, օրինակ, տնային կալանքով սեփական դղյակներում: Այլեւս կարիք չի լինի ձեւական դատավարություններ անել, հետո էլ արդարանալու խնդիր չեն ունենա: Իհարկե, շատ դեպքերում այդ միջոցներն անհրաժեշտ են, սակայն արդարադատության նախարարը լավ էլ գիտի, որ ամեն ինչ կիրառողից է կախված:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ