Երեկ Երեւանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ հաղորդագրություն էին տարածել, ըստ որի՝ բնակարանների հանձնման-ընդունման մի քանի անգամ երկարաձգված ժամկետներից վերջինը նորից խախտվել է:
Հիշեցնենք, որ 2012թ. հոկտեմբերի 30-ին պետք է ավարտվեր «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը, որն իրականացվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաբված շահառուները պնդում են, որ սայլը տեղից չի շարժվել, եւ մինչ օրս շենքը շահագործման հանձնված չէ: Ավելին՝ շենքի վերջին՝ 13-14-րդ հարկերի բնակարանների շահառուները 2013թ. նոյեմբերի 1-ին պետք է դիտարկեին իրենց բնակարաններում նախապես ամրագրված թերությունների շտկվածությունը եւ ստորագրեին հանձնման-ընդունման նախնական արձանագրությունը: Շահառուների խոսքով՝ մինչ օրս իրենք հնարավորություն չեն ունեցել դա անելու: Ավելին՝ թերությունների շտկվածության ստորագրման ներկայացված փաստաթուղթը ոչ թե նախնական արձանագրություն է եղել, այլեւ բնակարանի վերջնական հանձնման-ընդունման ակտ: «Բավական չէ, որ դա այլ բնույթի փաստաթուղթ է, դրա թիվ 2 կետում նշված է հետեւյալը. «Սույն ակտի ստորագրմամբ գնորդ(ներ)ը հավաստում է(են), որ բնակարանը համապատասխանում է պայմանագրով սահմանված պայմաններին, թերություններ չկան, եւ վաճառողը պատշաճ կերպով կատարել է պայմանագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները:
Առնվազն շահագործման ժամկետի խախտման պատճառով իրականությանը չհամապատասխանող այս վերջին դրույթի ներառումը հանձնման-ընդունման ակտում մենք համարում ենք պարզ մանիպուլյացիա եւ պատասխանատվությունից խուսափելու միջոց»,-նշված է հաղորդագրությունում:
Շահառուները հույս ունեին Նոր տարին դիմավորել իրենց նոր բնակարաններում, սակայն, ինչպես երեւում է, հաճելի արձակուրդ կունենա միայն «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի նախագահ Արսեն Քարամյանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ