Ո՞ՒՄ ՊԱՏՎԵՐՈՎ ԵՆ ՔԻՄԻԿՈՍՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ շարունակվեց «Քիմիկոսներ» անվանումը ստացած հայտնի գործի դատավարությունը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` Երեւանում գտնվող քիմիական գործարանի աշխատողները 2005-2009թթ. «չպարզված հանգամանքներում», «չպարզված քանակությամբ» ելանյութից շուրջ 60 կգ ամֆետամին տեսակի թմրանյութ են արտադրել եւ իրացրել «անհայտ անձանց»:
Հետաքրքրական է, որ ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները թմրանյութեր իրացնելու համար գործարքի մեջ են մտել թուրքերի հետ, ովքեր էլ եղել են պատվիրատուները: Իսկ ահա փաստաբանները փաստում են, որ ամբաստանյալները հոգեմետ դեղեր պատրաստելու համար որեւէ մեկից պատվեր չեն ստացել եւ պայմանագիր չեն կնքել:
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 18-ի վճռով սույն գործով ամբաստանյալներին՝ Սիրաժ Ղամբարյանին, Սամվել Մկրտումյանին, մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով թմրամիջոցներ պատրաստելն առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-15 տարի ժամկետով) եւ դատապարտել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով, Արմեն Բաղդասարյանին, Հակոբ Համբարձումյանին, Աղվան Վարդանյանին, Արմեն Լեբեջյանին եւ Աշոտ Առաքելյանին դատապարտել է 10 տարվա, իսկ Արա Ռոստոմյանին՝ 8 տարվա ազատազրկման: Ամենամեծ պատժաչափը՝ 12 տարի ժամկետով ազատազրկում, նշանակվել է «Քիմտեխ» գիտահետազոտական ընկերության տնօրենների խորհրդի անդամ Սամվել Խաչատրյանի նկատմամբ:
Սույն գործով ամբաստանյալների պաշտպանները մշտապես հայտարարել են, թե ինչ խախտումներ է թույլ տվել Շենգավիթի դատարանն այս գործով վճիռ կայացնելիս: Ըստ նրանց՝ խախտվել են օրինականության սկզբունքը, արդար դատավարության, անմեղության կանխավարկածի եւ քրեական դատավարության բազմաթիվ այլ նորմեր: Նախաքննության ընթացքում հետախուզությունները կատարվել են առանց ընթերակաների, դատաքննության ընթացքում մերժվել են փորձաքննություններ անցկացնելու` պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, նախաքննության ընթացքում ամբաստանյալների նկատմամբ բռնություններ են կիրառվել, ինչի շնորհիվ նրանցից ինքնախոստովանական ցուցմունքներ են կորզվել եւ դրվել մեղադրանքի հիմքում:
Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Աշոտ Առաքելյանի պաշտպան Գագիկ Պապոյանը նշեց, որ որոշ դրվագների մասով ապացույցներ չկան, բացակայում են նաեւ վկաների, թմրանյութը ենթադրաբար գնած անձանց ցուցմունքները, վերջիններիս հետ առերեսումները եւ այլն: Չնայած այս ամենին՝ Պապոյանն ասաց, որ վերաքննիչ դատարանից հույսեր ունեն. «Այս գործով դատավորների կազմը բավականին պատրաստված է, մնում է՝ դատավորներն օրենքի տառին հետեւեն, այլ ոչ թե ինչ-որ հայտարարություններ կատարեն»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե շուրջ 4 տարի տեւած այս դատավարությունն ում պատվերով է անցկացվում, եթե բավարար ապացույցներ չկան, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող անպատասխանատու հայտարարություն անել, թե սա ինչ-որ մեկի կողմից ուղղված գործ է: Կա այսպիսի կարծրատիպ՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ընդունված գործը պետք է մեղադրական դատավճռի կայացմամբ էլ ելք ունենա»:
Նշենք, որ այս գործով 10 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առաքելյանը, որը ժամանակին նաեւ «Նաիրիտ» գործարանի փոխտնօրենն է եղել, տառապում է բազմաթիվ հիվանդություններով, որոնցից 4-ն ընդգրկված են այն հիվանդությունների շարքում, որոնք խոչընդոտ են պատիժը կրելու համար: Առաքելյանի առողջական ծանր վիճակի մասին խոսել է նաեւ վերջինիս փաստաբանը՝ Գագիկ Պապոյանը: Այսպես, ըստ բժշկական հետազոտությունների՝ Աշոտը տառապում է սրտի իշեմիկ հիվանդությամբ, ունի հիպերտոնիկ հիվանդություն՝ 3-րդ աստիճանի, արտերիալ հիպերտենզիա, խոշոր օջախային սրտամկանի ինֆարկտ` հաղորդականության եւ ռիթմի կայուն խանգարումներով, արյան շրջանառության պրոգրեսիվ անբավարարությամբ: Ունի նաեւ զարկերակների հիվանդություններ՝ վերջույթների մագիստրալ եւ պերեֆերիկ անոթների ախտահարմամբ, սուր եւ քրոնիկ զարկերակային 4-րդ աստիճանի անբավարարությամբ, կլինիկական եւ պաթոմորֆոլոգիական պատկերով, դաստակների եւ ներբանների մակարդակով (ոչ պակաս, քան 2 վերջույթների), պոդագրա` պոդագրային նեվրոպաթիայով եւ քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում:
Ինչեւէ, երեկ ամբաստանյալների պաշտպանները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան, ինչի հիմքով էլ դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի դեկտեմբերի 19-ին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս