ՏԱՎՈՒՇՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՊԵ՞ՏՔ ՉԷ
2013 թվականի մարտի 5-ին Սերժ Սարգսյանի հրամանով Զարուհի Նախշքարյանը նշանակվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նշանակվելուց հետո նա մարզում ոչ մի դատ չի վարել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը դատեր էր վարում մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի նստավայրերում: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվելուց 10-15 օր հետո Զարուհի Նախշքարյանը երեխա է ունեցել եւ գտնվում էր ֆիզիոլոգիական արձակուրդում: Ապա` 6 ամիս անց, ՀՀ դատական դեպարտամենտը տեղեկացրեց, որ 2013թ. սեպտեմբերի 30-ին վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին եւ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ դատավորին՝ Զարուհի Նախշքարյանին: Վերջինս ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հապա ՀՀԿ նախագահի 2013թ. մարտի 5-ի հրամա՞նը… Նշենք, որ դատավոր Աշոտ Խաչիկյանը շարունակում է դատական նիստեր վարել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի նստավայրերում, նա Նոյեմբերյան քաղաքում նիստեր անցկացնելու համար ժամանում է Դիլիջան քաղաքից: Եթե ընդունենք, որ Տավուշի մարզում նոր դատավորի կարիք չկար, ինչո՞ւ Զարուհի Նախշքարյանը դատավոր նշանակվեց մարզում: Եթե մարզի առաջին ատյանի դատարանը դատավորի կարիք ուներ, ինչո՞ւ ֆիզիոլոգիական արձակուրդից վերադառնալուց հետո Զարուհի Նախշքարյանը մայրաքաղաքում նոր նշանակում ստացավ: Թե՞ ֆիզիոլոգիական վճարովի արձակուրդ գնալուց առաջ բարձր աշխատավարձով պաշտոն էր պետք…
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԿԼՈՊԸ ՉԻ ԽՈՍԻ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում իր թիմի կայանալիք խաղը պիտերյան «Զենիթ»-ի հետ. «Ռուսաստանում երբեք չեմ եղել, այնպես որ, անհամբերությամբ եմ սպասում «Զենիթ»-ի հետ խաղին փետրվարին ու մարտին: Բոլոր այն թիմերը, որոնք դուրս են եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, որակյալ մրցակիցներ են, եւ ես հանպատրաստից չեմ խոսի «Զենիթ»-ի մասին: Առաջին խաղին դեռ 2 ամսից ավելի կա, այնպես որ, հակամարտության մանրամասների մասին խոսելն իսկապես լուրջ չէ»:
Ռ. Թ.