4 ՈՒԺԵՐ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վերջնական որոշում կայացնողը քաղաքացիներն են. սա այն գաղափարն է, որի շուրջ երեկ Ազատության հրապարակում համախմբվել էին խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները, հասարակական ակտիվիստներն ու մի քանի հարյուր քաղաքացիներ: Նրանք դժգոհում էին պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ՝ իշխանություններն ամեն անգամ, հաշվի չառնելով ժողովրդի կամքը եւ հակասոցիալական որոշումներ կայացնելով, հարված են հասցնում ոչ միայն քաղաքացիների սոցիալական վիճակին, այլեւ հայի արժեհամակարգին: Իսկ կուտակայինի մասին օրենքը, ըստ Ռուստամյանի, վաղ թե ուշ պետք է փոփոխության ենթարկվի, ուստի Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելն անհրաժեշտություն է: ՀԱԿ-ից Վահագն Խաչատրյանը մի փոքր այլ կարծիքի էր, գտնում էր, որ հասարակությունը չպետք է ակնկալիքներ ունենա ներկայիս իշխանություններից, թե վերջիններս իրենց կամքով որեւէ հարց կլուծեն ի նպաստ ժողովրդի, այլ նրանք պետք է տեսնեն իրենց դեմ կանգնած ուժ, որպեսզի վախենալով որոշ քայլեր անեն:
Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց թվում էին նաեւ ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից՝ Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից՝ Վահագն Խաչատրյանը, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի ՍԴ, որի դիմաց էլ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին պաշտոնապես հանձնեցին 4 խմբակցությունների դիմումը, նաեւ նախաձեռնողների հայտարարությունը: Նաիրա Զոհրաբյանն ու Արծվիկ Մինասյանը հույս հայտնեցին, որ ՍԴ-ն այս անգամ կգործի հանուն Հայաստանի Հանրապետության:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սերժ Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն կատարած այցի ընթացքում ակնհայտորեն ասել էր, որ կուտակային համակարգի ներդրումը շատ դրական է գնահատում: Եվ չնայած Սերժ Սարգսյանը չէր մոռացել այդ առիթով նաեւ մարդկանցից ներողություն խնդրել պատճառած նեղության համար, սակայն դրանից ոչինչ չի փոխվում, քանի որ անարդյունավետ ներողությունն առաջին անգամ չէ, որ հնչում է ՀՀԿ նախագահի կողմից, իսկ ա՛յ նրա տված գնահատականը սովորաբար իր գործն անում է, քանի որ այդ գնահատականից կախում ունեն նաեւ այն պետական կառույցները (այդ թվում ՍԴ-ն), որոնք կոչված են իբրեւ թե գործելու հանուն ՀՀ-ի, հանուն ժողովրդի:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս