ԱՐՈՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Հայաստանի լավագույն շախմատիստ, շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում 30 հնարավորից վաստակել է 19,5 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթողի դերը զիջել նույնպիսի արդյունք ցույց տված Ռուսաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի 16 ուժեղագույն գրոսմայստերներ:
Իսկ ահա երեկ նույն խաղերի շրջանակում մեկնարկեց շախմատի մրցումների բասկյան խաղի մրցաշարը, եւ Լեւոն Արոնյանն առաջին տուրում մրցեց հոլանդացի Գիրի Անիշի հետ։ Առաջին պարտիայում հայ շախմատիստը խաղաց սպիտակներով։ Հոլանդացի շախմատիստը 40-րդ քայլում ստիպված էր ընդունել իր պարտությունը։ Երկրորդ պարտիան նույնպես ավարտվեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստի հաղթանակով։ Առաջին տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր։ Բասկյան խաղի մրցաշարը բաղկացած է 5 տուրից։
ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ
Արգենտինական «Արսենալ»-ի 53-ամյա գլխավոր մարզիչ Գուստավո Ալֆարոն չի գլխավորի Հայաստանի հավաքականը: Այս մասին Armsport.am-ը տեղեկացել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Նորայ Նակիսից:
Հենց Նակիսն էր Ալֆարոյի թեկնածությունն առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Փորձառու մասնագետին ՀՖՖ-ն հրավիրել էր Երեւան՝ ծանոթանալու հայկական ֆուտբոլի ենթակառուցվածքներին: «Ալֆարոն որոշեց մնալ «Արսենալ»-ում եւ հաջորդ տարի մասնակցել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությանը: Ներկայումս այլ մարզիչների թեկնածություններ ենք դիտարկում: Մեր տեսադաշտում են Արգենտինայում աշխատող մարզիչներ»,-նշել է Նորայ Նակիսը, որն Արգենտինայում ելույթ ունեցող «Դեպորտիվո Արմենիո» թիմի նախագահն է:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 2014թ. խմբային փուլի ավարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ չի ցանկանում երկարաձգել ավարտվող պայմանագիրը: Վերջին երկու ամիսներին ՀՖՖ-ն փնտրում է նոր գլխավոր մարզիչ:
Ռ. ԹԱԹՈՅԱՆ