Հանձնաժողովն առաջիկայում խիստ վերահսկողություն է իրականացնելու համակենտրոնացումների պետական կարգավորման ուղղությամբ:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն՝ արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝ մինչեւ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը: Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման):
Համակենտրոնացումը չհայտարարագրելու կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարողի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հասույթի մինչեւ չորս տոկոս, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:
Սույն հայտարարությամբ հանձնաժողովը եւս մեկ անգամ կոչ է անում հետեւել մրցակցային օրենսդրության դրույթների կիրարկմանը եւ իրականացվող գործարքներն ու գործողությունները կատարել օրենսդրությամբ սահմանված կարգով: Հակառակ դեպքում հանձնաժողովն իր իրավասությունների եւ լիազորությունների շրջանակներում կկիրառի համապատասխան պատասխանատվության միջոցներ իրավախախտ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ:
Տեղեկացնենք, որ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը,
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը,
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին,
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին,
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա: