Հուլիսի 16-ին ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Շարա Տալյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգիչ Շարա Տալյանը ծնվել է 1893թ. հուլիսի 16-ին Թիֆլիսում։

Հայրը՝ Ջամալը, աշուղ է եղել։ Շարա Տալյանը 1901-13 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Նա աշակերտել է կոմպոզիտորներ Սյունուն և Մելիքյանին։ 13 տարեկանից մեներգել է դպրոցի երգչախմբում։ Տալյանի առաջին մենահամերգները տեղի են ունեցել 1911թ. (Շուլավեր) և 1912թ. (Թիֆլիս)։

Ստեղծել է «Հայ աշուղներ» ազգագրական անսամբլը, ներկայացրել Հովնաթանի, Սայաթ-Նովայի, Շիրինի, Ջիվանու, Ջամալու, Շերամի և ուրիշների ստեղծագործություններից։ 1932-33թթ մասնակցել է նաև Երևանի օպերայի և բալետի թատրոնի հիմնադրմանը։ 1938 թ. կազմակերպել է գուսանական երգի նոր անսամբլ, որը կոչվել է Սայաթ-Նովայի անունով։ 1942 թ. նրա ջանքերով ստեղծված երաժշտական կատակերգության թատերախումբը բեմադրել է առաջին երաժշտական կատակերգությունները։ Վերջին անգամ ելույթ է ունեցել 1956 թ. Մոսկվայի Մեծ թատրոնում՝ հայկական արվեստի և գրականության երկրորդ տասնօրյակի եզրափակիչ համերգում։ Մահացել է Երևանում։

1939 թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1946 թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Տալյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, երաժշտական դպրոց՝ Վանաձորում։




Լրահոս