Ֆրանսիայում մեկնարկեց նախագահական քարոզարշավը. Սարկոզիի վարկանիշն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում այսօրվանից պաշտոնապես մեկնարկում է նախագահական քարոզարշավը. այս պահից սկսած` բոլոր զանգվածային լրատվամիջոցները պետք է հավասար եթերային պայմաններ ապահովեն յուրաքանչյուր թեկնածուի համար: Նախագահական քարոզարշավի մեկնարկը մռայլել է Թուլուզի հրեական դպրոցում կատարված ահաբեկչությունը, ինչի հետևանքով զոհվել էր երեք աշակերտ, մեկ ուսուցիչ: Այս դեպքի պատճառով` նախագահի թեկնածուներ Նիկոլա Սարկոզին ու Ֆրանսուա Օլանդը հայտարարել են նախընտրական միջոցառումները մինչև մարտի 21-ը հետաձգելու մասին: Ի դեպ, վերջին սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն` գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի` պաշտոնում վերընտրվելու հավանականությունը լրջորեն ավելացել է: LH2 ընկերության անցկացրած հարցման համաձայն` գործող նախագահի վարկանիշը հասել է երկու տարվա առավելագույն ցուցանիշին. նրա օգտին են արտահայտվել հարցվածների 40%-ը: Սա, տարեսկզբի համեմատ, 10%-ով ավելի է: Քաղաքագետները նշում են, որ նախագահին հաջողվել է դիրքերն ամրապնդել լրատվամիջոցներում ամեն օր երևալու շնորհիվ: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի տվյալներով` Սարկոզին ապրիլի 22-ին անցկացվելիք ընտրությունների առաջին փուլի ֆավորիտը դառնալու մեծ շանսեր ունի: Սակայն երկրորդ փուլում, որը նշանակված է մայիսի 6-ին, նա դեռ զիջում է նախագահի մեկ այլ թեկնածու Ֆրանսուա Օլանդին: Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար պայքարում է 10 թեկնածու: Բացի Սարկոզիից ու Օլանդից, ընտրություններին կմասնակցեն Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը, կենտրոնամետ Ֆրանսու Բայրուն, չափավոր ձախակողմյան ուժերի ներկայացուցիչ Ժան Լյուկ Մելանշոնը, “Եվրոպա էկոլոգիա-Կանաչներ” կուսակցությունից թեկնածու Էվա ժոլին, տրոցկիստններ Նատալի Արտոն ու Ֆիլիպ Պուտուն, Նիկոլյա Դյուպոնտ-Էնյանն ու Ժակ Շեմինադը` “Համերաշխություն և պրոգրես” կուսակցության հիմնադիր:




Լրահոս