«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ ԲԵՐԵԼ ԱԶԳԱՅԻՆԻ ԿՈՂՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) համար անցնող տարում ամենակարեւորն այն է, որ կարողացել է սկսել իր երազած ծրագրի իրականացումը «Հայ երգասաններ» խմբի հետ։

-Այդ խմբում ընդգրկված են հրաշալի ու տաղանդավոր, ազգայինը սիրող մոտ քսան երիտասարդներ, եւ նրանց հետ սկսեցինք մի ծրագիր, որը կոչվում է «Ամբողջական Հայաստան»։ Եթե ավելի պարզ ասեմ՝ ամբողջական Հայաստանի քարտեզը «նկարում ենք» երգերով՝ սկսած Կիլիկիայից, գնալով Ուրֆա, Մարաշ, հասնելով Բալու, Արաբկիր, Լոռի, Արցախ… Այս ամբողջ ազգագրական տարածքը պիտի ներկայացնենք, եւ արդեն մոտ հինգ շրջանի քարտեզը պատրաստ է։ Կամաց-կամաց պատրաստում ենք մյուսները։ Իհարկե, դա արվում է էթնիկ տարբերակով` առանց որեւէ հավելումների։ Եթե երաժշտական միջամտություն կա, ուրեմն կլինեն միայն մեր ազգային նվագարանները՝ դհոլ, սրինգ, բլուլ, զուռնա կամ դուդուկ, շվի… Դա շատ հաճելի ու, համենայնդեպս, ինձ համար շատ կարեւոր գործ է։
-Իսկ տարվա ընթացքում այլ երկրներում ելույթներ ունեցե՞լ եք։
-Այո՛, աշխարհով մեկ՝ սկսած ԱՄՆ-ից, վերջացրած Ավստրալիայով, շրջել եմ տարբեր երկրներ, փորձել ծառայությունս մատուցել իմ ժողովրդին ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս։ Իբրեւ անհատ, այսինքն՝ առանց նվագախմբի եմ ելույթներ ունեցել ու նաեւ այցելել եմ ԱՄՆ «Երգ երգոց»-ի նվագախմբի հետ, ներկայացրել ենք այդ ամբողջ ծրագիրը։
-«Ժողովրդական երգիչ» նախագծի ժյուրիի անդամ եք, ի՞նչ է տալիս այդ նախագիծը, ի՞նչ ակնկալիքներ ունեք երգիչ-երգչուհիներից։
-Այս նախագծի չորրորդն եթերաշրջանն է։ Կարծում եմ՝ դա այն բացառիկ հեռուստանախագծերից է, որտեղ գաղափար, դաստիարակություն, սկզբունքներ կան, մի խոսքով՝ այն ավելի շատ գաղափարական, ազգապահպան բովանդակություն ունի։ Այսինքն՝ մենք ոչ թե ուղղակի հենց այնպես շոու ծրագիր ենք անում, այլ մեր նպատակը երիտասարդ սերնդի մեջ ավելի շատ ժողովրդական եւ աշուղական երգարվեստն ամրացնելը, զարգացնելն է։ Եվ եթե համեմատենք առաջին տարվա հետ, ամեն տարի դիմողներն ավելանում են։
-Մտավախություն չունե՞ք, որ հետագայում այդ երգիչ-երգչուհիները, չունենալով իրենց դրսեւորելու համապատասխան դաշտ, կհայտնվեն ակումբներում, ռեստորաններում, կերգեն՝ ինչ պատահի եւ ինչպես պատահի։
-Մտավախությունը՝ մտավախություն, բայց, ամեն դեպքում, պետք է գործ արվի։ Եվ եթե կարողանում ես երիտասարդության մեջ արթնացնել ժողովրդական եւ աշուղական երգի նկատմամբ սերը, ներկայացնել կատարողական արվեստը, դա արդեն շատ կարեւոր է։ Եվ արդեն հարցի երկրորդ կողմն է, թե նրանց բեմական գործունեությունն ինչպես կծավալվի, ինչպես կընթանա։ Ամեն դեպքում, մենք փորձում ենք մեր խորհուրդներով ճիշտ ճանապարհը ցույց տալ։ Եվ կան լավ օրինակներ` Սեւակ Ամրոյանը, Հայկուհի Բաբախանյանը, ինչպես նաեւ նրանց ընկերները, ովքեր մրցույթում չեն հաղթել, արդեն աշխատում են, ելույթներ ունենում ե՛ւ Հայաստանի, ե՛ւ այլ երկրների տարբեր համերգասրահներում։ Իսկ ակումբներից վախենալ-չվախենալը երկրորդական խնդիր է։ Մեզ համար ավելի կարեւոր է մեր երիտասարդությանը բերել այս կողմ՝ ազգայինի կողմ, որպեսզի նրանք էլ տաղանդավոր շատ-շատ երիտասարդների նման չգնան փայլուն բաների՝ գումարի հետեւից եւ իրենց տաղանդը, աստվածատուր շնորհքը չծառայեցնեն օտար, կարող եմ ասել նաեւ՝ հակահայկական մշակույթին։ Եվ ոչ թե նախագծի մասնակիցների, այլ ամենքի խնդիրն է այնպես անել, որ նրանք գտնեն իրենց տեղը։
-Իսկ մենք մշակութային ազգապահպան քաղաքականություն ունե՞նք, մեր ազգային մշակույթը վտանգվա՞ծ չէ։
-Կարծում եմ՝ եթե մենք գործ չանենք, մեր ազգային մշակույթը, երգարվեստը վտանգված են. ազգային երաժշտության, երգարվեստի պահպանման որեւէ ռազմավարություն չունենք։ Եվ երբ դու ուշադրություն, հատուկ անհատական վերաբերմունք ես տեսնում այդ բնագավառի նկատմամբ, ուրախանում ես։ Եվ ես կուզեի, որ «Ժողովրդական երգիչ»-ի, «Երգ երգոց»-ի նման նախագծեր ու հաղորդաշարեր շատ լինեն, քանի որ դրանք թե՛ գեղագիտական, թե՛ դաստիարակչական նշանակություն ունեն ու միտված են վերականգնելու այն ամենը, ինչը որոշ ժամանակ ընդհատակ էր անցել։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս