ՊՈՒՏԻՆԻ ՆՇԱՆԱԿԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՍՐԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, քանի որ վերջինս, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը տանում է դեպի Մաքսային միություն: Ըստ Շահնազարյանի՝ այսօր ՀՀ իշխանություն ասվածը գոյություն չունի. «Դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են: Հայաստանի շահերը նրանք չեն սպասարկում, բացարձակապես: Իրենք այստեղ սպասարկում են Ռուսաստանի շահերը: Նրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների: Փաստացի դա այդպես է»: Մեր զրուցակիցը վստահեցրեց նաեւ, որ շուտով քաղաքական ալիք է բարձրանալու. «Հայաստանում առայժմ դրա նախադրյալները չկան, բայց դա անխուսափելի է»:

 

 

 
Կառավարությունը մտադիր է թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր ներմուծելու, արտահանելու եւ մանրածախ առեւտրի գործունեության իրականացման լիցենզիայից զրկել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին: Այս մասին կառավարության որոշման նախագիծն արդեն ընդգրկվել է այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Այն ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` Դերոն: Այս որոշման նախագիծն ուշագրավ է այն առումով, որ «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կապվում է հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը: Հիշեցնենք, որ թմրանյութեր եւ հոգեմետ նյութեր ներմուծելու, արտահանելու եւ վաճառելու լիցենզիան նշված ընկերությանը տրվել էր 2012թ. դեկտեմբերին՝ մեկ տարի առաջ: Ի դեպ, այսօր ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու ոչ թե ավանդական ժամին՝ 11:00-ին, այլ 15:00-ին, քանի որ կառավարության ներկայացուցիչները Ստեփանակերտում են՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի հոր՝ Ազատ Սարգսյանի հուղարկավորությանը:

 

 

 
Շուրջ 4 ամիս է, ինչ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ գերադասելով կյանքի մյուս մասն ապրել երրորդ երկրում: Հասկանալու համար, թե ինչպես են հայ գերիներին ստիպում ընտրել երրորդ երկրում ապրելու տարբերակը, «Ժողովուրդ»-ը զրուցեց 2003թ. Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինվոր Եղիա Հունանյանի հետ: Նա իր 2 ընկերների հետ 2 ամիս 20 օր գտնվել է գերության մեջ: Եղիայի խոսքով՝ ադրբեջանցի գեներալներն իրենցից փորձել են պարզել, թե մենք որքան զինվոր ունենք, քանի զենք ու տանկ. «Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ: Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»: Ըստ Եղիայի՝ ադրբեջանցիներն իրենց ստիպել են չվերադառնալ Հայաստան: «Կա՛մ մնացե՛ք Ադրբեջանում, կա՛մ ընտրե՛ք մի երրորդ երկիր ու էնտե՛ղ ապրեք: Բայց Ռուսաստանը չընտրեք»,-ասել են ազերիները:

 

 

 
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ «գազային սկանդալի» վերջին բացահայտումներից հետո պատրաստվում է ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածի հիման վրա ԱԺ առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել: Ընդ որում, ՀԱԿ-ն այս հայտարարությունն արել է կուսակցությունում երեկ գազային սկանդալի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումներից հետո: Ուշագրավ է, որ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ վերջերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե քաղաքական հայտարարությունները ենթադրում են նաեւ քաղաքական պատասխանատվություն, եւ մատնանշելով Սահմանադրության նույն 84-րդ հոդվածը՝ ակնարկել էր կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկի մասին: Հետաքրքիր է` ո՞ւմ ձեռքով կգնա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը:




Լրահոս