Դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» շարժումը պաշտոնապես հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին: Արդեն ձեւավորվել է 7 անձից բաղկացած կառավարման խորհուրդը, որի անդամներից է նաեւ Ալեն Սիմոնյանը: «Ժողովուրդ»-ը նորաստեղծ ուժի առաջիկա անելիքների շուրջ մի քանի հարց ուղղեց նրան:
-Պարո՛ն Սիմոնյան, ինչո՞վ է այս պահին զբաղված նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» շարժումը:
-Հիմա զբաղված ենք հոգաբարձուների խորհրդի վերջնական ձեւավորմամբ, գիտեք, որ հիմնադրամ պետք է լինի, ու այժմ այդ հիմնադրամն ենք ձեւավորում: Առաջիկայում կազմը հայտնի կդառնա, ինչի մասին կհայտարարվի:
-Իսկ հասարակությանն ինչպե՞ս եք տեղեկացնելու Ձեր գործունեության մասին:
-Այս պահին աշխատում ենք մարմիններ, համակարգ ստեղծելով: Իսկ հետագայում, եթե պետք լինի, տուն առ տուն էլ կգնանք, գյուղ առ գյուղ էլ կգնանք, որեւէ խնդիր չկա:
-Ինչո՞ւ որոշեցիք ընտրել Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի պայքարի «ճամբարը»:
-Գիտեք ինչ, ես Սասունին ու Նիկոլին չեմ ընտրել, Սասունն ու Նիկոլն իրենք են ինձ ընտրել, առաջարկել: Կարդացել եմ «Քաղաքացիական պայմանագիրը», որի շուրջ մենք բոլորս միավորվել ենք: Սասուն Միքայելյանն ինձ համար մարդ-լեգենդ է, մեր ազատամարտիկն է, իսկ Նիկոլ Փաշինյանն ինձ համար միշտ այն մարդն է եղել, ում ես համարել եմ ամենաազնիվ, ամենաճիշտ ուղին բռնած գործիչներից մեկը: Ու, բնականաբար, շատ հաճելի է իրենցից նման հրավերք ստանալ:
-Այսօր շատերը հայտարարում են, թե քաղաքական դաշտում ընդդիմություն գոյություն չունի, բոլորի նպատակը նույնն է: Ինչպե՞ս պետք է նվաճեք ժողովրդի վստահությունը, ինչո՞վ պետք է ցույց տաք, որ այս ուժը տարբերվելու է բոլորից:
-Լինելու ենք մաքսիմալ անկեղծ, լինելու ենք հավասար յուրաքանչյուր քաղաքացու հետ, չեն լինելու վերեւում եւ ներքեւում կանգնածներ, ու երբեւիցե որեւիցե մեկին ինչ-որ բանի մեջ չենք մեղադրելու: Ժողովուրդը միշտ ճիշտ ընտրություն է կատարում, ու հիմնականում անելիքը մերն է, պատասխանատվությունն էլ, բնականաբար, անողներինն է լինելու: Պատկերացնում եմ, որ այս սկզբունքով, այս անկեղծությամբ ինչ-որ բան հնարավոր է լինելու փոխել, որովհետեւ, ինչպես արդեն ասել եմ, այլընտրանք ուղղակի չկա, բոլոր ճանապարհներն արդեն սպառվել են:
-Իսկ Ձեր շարժման ակտիվությունը ե՞րբ նկատելի կլինի:
-Այնպես չէ, որ մենք այժմ պասիվ ենք: Հայտարարությունից հետո մեծ քանակությամբ մարդիկ ցանկություն են հայտնել միանալ «Քաղաքացիական պայմանագրին»: Մենք գործ ենք անում, երբ ասելիք լինի, մենք կբարձրաձայնենք այդ ասելիքը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ