«ԻՐԵՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, քանի որ վերջինս, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը «տանում» է դեպի Մաքսային միություն:

-Պարո՛ն Շահնազարյան, ըստ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի` ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել մինչեւ 2043 թվականը չընդունել որեւէ օրենք, նորմատիվ եւ իրավական ակտ, որը չեղյալ կհամարի սույն համաձայնագիրը: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցի շուրջ:
-Ըստ էության՝ դա կապալային պայմանագիր է՝ ուղղված ՀՀ շահերի դեմ: Տնտեսական առումով որեւէ հիմնավորում չունի, զուտ քաղաքական գործարք է` այն ընդհանուր ողջ քաղաքականության մեջ, որով հիմա Հայաստանը, ըստ էության, զավթվում է Ռուսաստանի կողմից: Տեղյակ եք, որ կապալայինն այն է, երբ ակնհայտորեն մի կողմը ստորագրում է իրեն ոչ ձեռնտու պայմանագիր:
-Այդ պայմանագրով կառավարությունը նաեւ պարտավորվել է մինչեւ 2044թ. գազ գնել միայն ռուսական «Գազպրոմ»-ից…
-Տեսեք՝ ինչ է այդ պայմանագրում գրված. ինչ օրենքներ էլ փոխեն, այս պայմանագիրն ավելի գերադասելի է, այսինքն՝ կարելի է ավելացնել, որ, ըստ էության, «Գազպրոմ»-ն այդ պայմանագրով ՀՀ Սահմանադրությանը հավասար, եթե ոչ ավելի բարձր, նոր օրենսդրություն է ստեղծում Հայաստանի համար:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այսպիսի…
-Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում իշխանություն չկա, դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են: Այսօր ՀՀ իշխանությունները չեն սպասարկում Հայաստանի շահերը, բացարձակապես: Դրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների: Փաստացի դա այդպես է:
-Ի՞նչ պետք է անել այս իրավիճակից դուրս գալու համար:
-Լուծումները ես ինքս առաջարկել եմ քանի անգամ ու այժմ էլ նորից եմ ասում՝ պետք է ձգտել ոչ թե ընդդիմադիրների ձեւաչափ կազմակերպել, այլ պետք է ընդդիմության համար լինի մի-մի անհատական օրակարգ, այսօր մենք կորցնում ենք մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը: Պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, որովհետեւ նա, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը տանում է Մաքսային միություն: Հրաժարական պահանջել եւ չբարձրացնել այս հարցը` նշանակում է Պուտինի մեկ դրածոյին փոխարինել մեկ այլ դրածոյով: Առավել կարեւորը սա է, սա պետք է ընդգրկվի, եթե սա ընդգրկվի, եւ ընդդիմության մեջ հաջողվի լուծել, կոնսենսուս ստեղծվի այդ հարցով, սա կլինի ելքը: Բայց չեմ կարծում, որ դա լինի, քանի որ այսպես կոչված ընդդիմադիր են ձեւանում շատ ու շատ պրոռուսական ուժեր, որոնք ունեն մի նպատակ, որ Պուտինը Սերժ Սարգսյանին հեռացնի ու իրենց նշանակի այստեղ: Մյուս ճանապարհը, որն անխուսափելի է, քաղաքական մի հզոր ալիքի բարձրացումն է Հայաստանում, առայժմ դրա նախադրյալները չկան, բայց դա անխուսափելի է, դրա համար ժամանակ է պետք: Բայց այդ ժամանակի ընթացքում մենք կարող ենք շատ կորուստներ ունենալ: Ռուսաստանն իր արժեքային համակարգն է փորձում հաստատել իր կայսրության սահմաններում ու Հայաստանն էլ արդեն համարում է իր կայսրության մասը:
-Վերջերս ձեւավորվեց նոր ընդդիմադիր ուժ` «Քաղաքացիական պայմանագիր»: Պատրաստվո՞ւմ եք միանալ այդ ուժին Ձեր հետագա պայքարը շարունակելու համար:
-Գիտեք ինչ, նոր ուժեր են ստեղծվում, բայց առայժմ նրանք հարցն այդպես չեն բարձրացնում, որ մենք պետություն ու պետականություն ենք կորցնում: Թեեւ կասկած չունեմ՝ վաղ թե ուշ ընդդիմությունը միավորվելու է այս հարցի շուրջ՝ գիտակցելով, որ մենք պետք է պաշտպանենք մեր պետականությունը, մեր իշխանությունը: Այսքանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս