ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրբ Ծննդին նախորդող պահքը չեմ պահում, սակայն ամբողջ տարվա ընթացքում փորձում եմ հավատացյալին հարիր կենսակերպով ապրել»:

Կարեն Ավագյան Tert.am
Հետաքրքիր է` ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ ո՞րն է հավատացյալին հարիր կենսակերպը, երեւի Հանրապետական կուսակցության անդամ լինելը եւ, հետեւաբար, համազգային թալանի մասնակիցը դառնա՞լը: Որովհետեւ եթե Կ. Ավագյանը նկատի ունի Քրիստոսի ուսմունքը, ապա իր կուսակիցների վարքը եւ ՀՀԿ-ի գործունեությունը ոչ մի կերպ չեն տեղավորվում այդ ուսմունքի սկզբունքների մեջ, ընդհակառակը, բոլոր կետերով հակասում են: Իսկ միգուցե «հավատացյալ» ասելով՝ երիտասարդ ՀՀԿ-ականն ա՞յլ բանի նկատմամբ հավատը նկատի ունի, ասենք` հավատ փողի նկատմամբ, կամ հավատ առ Սերժ Սարգսյան, կամ էլ հավատ առ Պուտին:

 

 

«3 ու կես տարի ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Եվրոպան ձայն չէին հանում, որ անհամատեղելի է երկու միությունում լինելը: Մեզ թվում էր, թե մենք կարող ենք ՌԴ հետ ստրատեգիական պարտնյորությունը շարունակել, միեւնույն ժամանակ ԵՄ ասոցացված անդամ դառնալ, եւ դա շատ խելոք քայլ կլիներ»:
Վազգեն Մանուկյան 1in.am
Եվ սա ասում է փորձառու քաղաքական գործիչը, ում 1996թ. վստահել էր հայ ժողովրդի մեծ մասը: Ուրեմն ՌԴ-ն կամ Եվրոպան պետք է իրենց ասեի՞ն, որ միաժամանակ երկու միությունում լինելն անհնար է: Այդ դեպքում ինչի՞ համար են իշխանությունների մասնագիտական ունակությունները, վերլուծելու հմտությունները, եթե դրանք կան, եւ ինչի՞ համար են աշխատում դիվանագետները, եթե, իհարկե, աշխատում են: Բայց Վ. Մանուկյանին այս հարցը տալն ապարդյուն է, քանի որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնելով` նախկին ընդդիմադիրը դադարեց իշխանությունների ապաշնորհությունը նկատել:

 

«Ընդհանրապես դատական պրոցեսներում այդպես է` մի կողմը միշտ նեղացած է դուրս գալիս, մյուս կողմը` բավարարված: Հիմա դուք մտածում եք` դատարանը արդարադատությունը պիտի թողնի՞, բավարարի միայն նրա համար, որ չորս խմբակցություն է դիմե՞լ… Ուզում է չորս լինի, ուզում է տասնհինգ` հաղթանակելու է արդարադատությունը»:

Գալուստ Սահակյան 168.am
Գալուստ Գրիգորիչը կատարեց իր փոստատարական հերթական առաքելությունը եւ հասկացրեց, որ Սահմանադրական դատարանը կմերժի չորս խմբակցությունների դիմումը: Կմերժի, որովհետեւ ի շահ ժողովրդի է, եւ եթե մի կողմը միշտ նեղացած պետք է դուրս գա, ապա Հայաստանում այդ նեղացածն ամեն դեպքում ժողովրդի կողմն է: Եվ, իհարկե, հաղթանակելու է արդարադատությունը, իսկ այն Հայաստանում կարելի է անվանել մեկ հապավումով` ՀՀԿ: Ասում ենք ՀՀԿ` հասկանում ենք արդարադատություն եւ հակառակը: Ուզում է լինի չորս, ուզում է` տասնհինգ, իրենց ձեռքն է, ինչքան կուզեն, այնքան էլ կխփեն:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս